211652_close_icon
views-count2206 դիտում article-date 11:44 20-05-2021

Ոտնձգությունը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ անընդունելի է, ադրբեջանցիները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր. Վաղարշակ Հարությունյանը՝ Սերգեյ Շոյգուին

Ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։

Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մայիսի 19-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Նմանատիպ նյութեր