211652_close_icon
views-count2737 դիտում article-date 17:24 18-05-2021

2018-ին պետությունը պարտվեց և, ինչպես հիմա տեսնում ենք, մահացավ․ այդ վայրկյանից այն ամենը, ինչ կատարվում է, ժողովրդի հաղթանակի խրախճանքն է պետության ինքնահողին․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Մի պետություն առանց որևէ հայտարարության, կամ նախազգուշացման հատում է մեկ այլ պետության սահմանները միանգամից 3 տեղից և արդեն մեկ շաբաթ խորանում է նրա տարածքում։ Մյուս պետությունը սկզբում ձևացնում է, որ այդպիսի փաստ չկա և փորձում է ծածկադմփոց անել, իսկ հետո խնդրում է մեկ ուրիշ պետության զինված ուժերի սպային բանակցել իր անունից։ Հետո ֆոն են ստեղծում, թե  բանակցությունն ավարտվեց բարեհաջող և առաջխաղացումը կասեցված է։ Հետո անցնում է մի քանի ժամ և պարզվում է, որ առաջխաղացումը շարունակվում է, ներկայությունը՝ ավելանում։

Ինչպե՞ս կարձագանքեինք, եթե կարդայինք երկու երկրի մասին այս պատմությունը, եթե այն չվերաբերեր Հայաստանին, որովհետև, ինչպես գիտեք, սա այն է, ինչ այսօր կատարվոմ է մեզ հետ։ Կմտածեինք, որ անհնարին է, ուտոպիստական ֆարս։ Մինչդեռ այս պատմությունը հնարովի չէ, ավելին, տեղի է ունենում մեր աչքի առջև և արդեն մեկ շաբաթ։

Մի քանի հարց.

1. Ինչո՞ւ ոչ մի տեղ ադրբեջանցիների դիմաց կանգնած չի եղել սահմանապահ զորք, ԱԱԾ կամ ՊՆ համապատասխան ստորաբաժանում, երկրապահ կամ մեկ զինված մարդ։ Գոնե մեկը։

2. Անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ հանգստությունը և այն, թե ինչո՞ւ են ՀՀ հպարտ և ոչ այնքան քաղաքացիները  նորմալ համարում  իրենց ընտրած իշխանության տոտալ բացակայությունը։ Պատերազմից անցել է ավելի քան վեց ամիս, ՊՆ-ն չի պատրաստել առաջնագիծ, չի ապահովել սահմանների անվտանգություն և չի էլ զբաղվում այդ հարցով։ Դե այնպիսի «երկրորդական» կազմակերպությունների մասին, ինչպիսիք են ԱԱԾ-ն, որին պատկանում են սահմանապահ զորքերը, Գլխավոր դատախազությունը, քննչականը, ԱԳՆ-ն, ՀՀ դեսպանատները, նույնիսկ ավելորդ է խոսել։

3. Ժողովրդի ընտրած, օլիգարխիայի որդեգրած, միջազգային հանրության կողմից արհամարհված վիժվածք-ոչնչություն վարչապետն ո՞ւր է։ Ընտրել եք վարչապետ, փայփայել  եք, պահել եք  ի հեճուկս դավաճանության, մահի ու պարտության, 4 օր առաջ Գեղարքունիքում ոտքերի տակ ոչխար էիք մորթում։ Լավ, ձեզ չի՞ հուզում, որ այդ մարդն ուր գնում է, հետևից թուրքն է գալիս։ Ընդ որում՝ գալիս է ոչ թե իր, այլ ձեր տներ։

2018 թվականին ժողովուրդն իրապես հաղթեց, ինչպես աղաղակում էր ամբոխը։ Բայց ժողովուրդը հաղթեց պետությանը։ 2018-ին պետությունը պարտվեց և, ինչպես հիմա տեսնում ենք, մահացավ։ Այդ վայրկյանից այն ամենն, ինչ կատարվում է, ժողովրդի հաղթանակի խրախճանքն է պետության ինքնահողին։ Պետություն չկա։ Մնացածն էլ պահպանելու ցանկություն էլ չկա։ Իսկ երբ չկա պետություն, չկա նաև պետական սահման։ Դրա համար էլ մարդիկ շատ նորմալ են վերաբերվում այս ամենին։ Դրա համար էլ հարկատուներից ֆինանսավորվող Հ1-ի եթերից Թուրքիայի մեկ այլ շպիոն հայտարարում է, որ իրենք պաշտպանում են մարդուն, այլ ոչ թե հողը։ Եվ ինքը դեռ կա, ներկայացնում է Հայաստանի ժողովրդին՝ ԱԺ-ում։

Սրանով ամեն ինչ ասված է։

Կա մի մեծ ինքնախաբեություն, որ  ժողովուրդ ասելով նկատի ունենք այս տեսանյութի պապիկին, որն ինքնամոռաց ցանկանում է ոչխար մորթել Նիկոլի ոտքերի տակ։

Մինչդեռ Ժողովուրդ են բոլորը՝ Վազգեն Մանուկյանը, որի առաջնորդած  շարժումը հօդս ցնդեց՝ կարծես չէր էլ եղել, Գագիկ Ծառուկյանը, որն անկեղծ չի փորձում հասկանալ, թե ի՞նչ վատ բան կար հայտնի հրավառության մեջ։ 

Ժողովուրդ են ՀՀ երկրորդ դեմք Արարատ Միրզոյանը, որի գործակալ լինելը նորմալ ընդունվեց, ապա մարսվեց ու մոռացվեց։ Ժողովուրդ են 2018-ին աղմկող կանայք, ովքեր այս ամենը սկսեցին պատշգամբներում թավաներին խփելով, որի արձակած ձայնի արձագանքը վերադարձավ Եռաբլուրից՝ երկինք բարձացող ողբի տեսքով։

Ժողովուրդ է Լևոն Տեր-Պետրոսյանը, որն աշխարհի միակ նախադեպն է, որը կոչվելով հիմնադիր նախագահ նաև մասնակցում է իր հիմնած  պետության հուղարկավորությանը։

Ժողովուրդ են Դավիթ Տոնոյանն ու Զոհրապ Մնացականյանը, որոնք ելույթներով նոր պատերազմով նոր տարածքներն էին բերում կամ դիվանագիտությամբ սարեր շուռ տալիս, վստահություն սերմանում առ վիժվածք, իսկ հիմա անմեղ զոհի դեմքով փախած են։

Եվ ժողովուրդ են բոլոր նրանք, ովքեր գերադասեցին ամբոխը պետությունից՝  սպանելով պետությունն ու քաղաքացուն։  Ու դա արեցին հպարտությամբ, դուխով, անգրագիտությամբ, չարությամբ, մանկամտությամբ, կենացներով։

Անիծվե՛ն Հայաստանի թշնամիները՝ ներքին և արտաքին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որը կար և կարող է վերածնվել։

Հ.Գ. Ոչխարը, որ փորձում են զոհաբերել  Նիկոլի ոտքերի տակ խորհրդանշում է Agnus Dei-ը (Աստծո գառը)։

Այս դեպքից 4 օր անց ադրբեջանցիները մտան Գեղարքունիք։

#antinikol»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր