211652_close_icon
views-count2235 դիտում article-date 14:40 13-05-2021

Կառավարությունը հաստատեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նշելով, որ այդ չափորոշիչները վերանայվել են հիմնվելով հանրակրթության պետական չափորոշիչի վրա՝ ապահովելով սահուն անցում նախադպրոցական մակարդակից դեպի տարրական դպրոց:

«Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքի պահանջը և հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները՝որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում ՀՀ-ում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն»,- ասաց նախարարի պաշտոնակատարը եւ կոչ արեց ընդունել նախագիծը: Նա ընդգծեց, որ այդ չափորոշիչը ներառում է նաեւ մսուրային տարիքի երեխաներին, այսինքն նրանք եւս պետք է գիտելիքներ ստանան մանկապարտեզում:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ սրանով արձանագրում են, որ մանկապարտեզը ոչ թե մի տեղ է, որտեղ ծնողները թողնում են իրենց երեխաներին, այլ  կրթության բաղկացուցիչ մասն է. «Այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ կրթությունը: Հաջորդ հարցը, որ պետք է լուծենք, մանկապարտեզների եւ  նախակրթարանների ուսուցիչ-դաստիարակների համար որոշակի ստանդարտներ  ապահովելն է եւ, նրանց ատեստացիաների միջոցով փոխկապակցվածություն ստեղծելով, նրանց աշխատավարձի բարձրացումն ապահովելը, որ երեխաները մանկապարտեզում ստանան պատշաճ կրթություն»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր