211652_close_icon
views-count58795 դիտում article-date 22:40 04-05-2021

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 58–ամյա վարորդը Nissan X-Trail-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ընկուզենուն. ուղևորը, ով նրա կինն է, տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արմավիրի  մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ,  58-ամյա Հովհաննես Յարալյանը իր վարած  Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի  համանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

 Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ  Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ:

 Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և կնոջը, երբ տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Ամուսինս ավտոմեքենան քշելիս ասեց՝ վախ սիրտս, վախ սիրտս: Երևի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում», մենք էլ օգնեցինք կնոջը տեղափոխել հիվանդանոց:

 Փաստի առթիվ քննիչ  Ս. Խաչատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:

 Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի  ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր