211652_close_icon
views-count2775 դիտում article-date 20:38 02-05-2021

Մարտի դաշտում Լևոնին ու իր դասակին հաջողվել է խոցել թշնամու մեկ տանկ և ոչնչացնել մեծ թվով կենդանի ուժ

«Համալսարանը զոհված զինծառայողների կողքին» նախաձեռնությունը ներկայացրել է արցախյան վերջին  պատերազմում զոհված 20-ամյա Լևոն Լևոնյանին:

Լևոն Լևոնյանը ծնվել է 2000թ. օգոստոսի 13-ին Սևան քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2017 թվականին, ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Լևոնը սիրելի համալսարանում սովորել է 3 տարի, 3-րդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասում:

Լևոնի ծնողները պատմում են, որ Լևոնը հպարտությամբ է ընդունել Արցախում ծառայելու փաստը, ասել է՝ «իսկական ծառայությունն անցնում են հենց Արցախում»: Հայրենիքին իսկապես ծառայելու ցանկությամբ ու ապագայի մեծ պլաններով էլ Լևոնը մեկնում է զինվորական ծառայության՝ հրաժարվելով ծառայությունից ազտվելու հնարավոր տարբերակից:

Լևոն Լևոնյանը, լինելով ընդամենը 40 օրվա ծառայող, դեռևս չէր հասցրել լիարժեք տիրապետել ռազմական գործին: Չնայած դրան՝ Լևոնը պատերազմի հենց առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում, մասնակցել է Մարտունու պաշտպանական մարտերին: Լևոնը և իր մարտական ընկերները, որ դեռ չէին հասցրել ծանոթանալ ռազմական գործին, մի քանի օրում պատերազմի սարասափի մեջ կարողանում են լիարժեք տիրապետել և գերազանց կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մարտի դաշտում ականանետի պարտականությունները սովորած և գերազանց դրսևորած Լևոնին ու իր դասակին հաջողվում է խոցել թշնամու մեկ տանկ և ոչնչացնել մեծ թվով կենդանի ուժ:

Պատերզամի ընթացքում՝ Ակնայի պաշտպանական մարտերի ժամանակ, նրանց ջոկատը հրաշքով փրկվում է արկի պայթունից: Լևոնը և իր ընկերները որոշում են որպես հուշ պահել բեկորները: Հիմա այդ բեկորը, որ ծնողները գտել են Լևոնի գրպանում, իրենց տանն է՝ հիշատակի անկյունում:

Դիրքային փոփոխությունից հետո Լևոնն ու իր դասակը, չհասցնելով դիրքավորվել և ստեղծել պաշտպանական միջոցներ, մարտի են բռնվում առաջ ընթացող թշնամու հետ: Մարտի ընթացքում նրաք խոցում են ադրբեջանա-թուրքական ահաբեկչական խմբավորման 2 միավոր ավտոտեխնիկա: Ցավոք, Լևոնի համար այս մարտը ճակատագրական ավարտ է ունենում. ԱԹՍ-ի հարվածից հետո պատսպարման հրահանգ ստացած Լևոնը, իր տեղը զիջելով ծառայակից մյուս ընկերներին, մենակ չթողնելով դասակի հրամանատարին ու ևս չորս զինակից ընկերներին, որոշում է պատսպարվել մոտակա ծառածածկ հատվածում: Այդ պահին թշնամական երկրորդ ԱԹՍ-ն է հարվածում զինվորներին՝ խլելով Լևոնի կյանքը և մյուս զինվորներին պատճառելով տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հարազատները պատմում են, որ Լևոնն անսահման բարի էր, հոգատար ու պատասխանատու: Կենդանիներին անսահման սիրող Լևոնն առանձնահատուկ հոգատարությամբ էր խնամում իր շանը և ձկներին:

Ինչպես հարազատներն են պատմում, Լևոնն աշխատել սկսել է 13 տարեկանից և վաստակած գումարը ծախսել է ընտանիքի անդամներին նվերներ գնելու համար:

Լևոնը երազում էր ռազմական քննիչ դառնալու մասին, նա գիտեր իր խոսքի արժեքը, հենց այդ պատճառով մինչև վերջ հավատարիմ մնաց իր տված երդմանը՝ անձնվիրաբար ծառայելով հայրենիքին և հայ ժողովրդին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր