211652_close_icon
views-count69461 դիտում article-date 22:38 19-04-2021

Ի՞նչ էին քննարկում Խաչատուր Սուքիասյանն ու Կամո Աղաջանյանը, և ինչո՞ւ էին լրագրողից պահանջում հեռացնել լուսանկարը. 168.am

Նախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանություններն իրենց ընդդիմադիր անցյալի պայքարի մեխերից մեկը դարձրել էին, իրենց ձևակերպմամբ, քրեաօլիգարխիկ համակարգի և դրա կարկառուն ներկայացուցիչների կողմից «բեսպրեդելի» դեմ անողոք դիմադրությունը:

Ի դեպ, դեռևս 2018թ. հոկտեմբերի 18-ին ինքն իրեն «ժողովրդի վարչապետ» կոչող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան:

«Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չէ: Ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»,- ասել էր Փաշինյանը:

Եվ թեպետ տվյալ դեպքում խոսքը Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում, ակնհայտ էր, որ օլիգարխից խոշոր գործարարի վերափոխվածների շարքում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնում էր «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, ում բիզնես ծաղկունքը ու տարբեր ոլորտներում մոնոպոլ դիրքավորումը սկսվել ու ամրապնդվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, և ով հեչ իրեն վատ չի զգացել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման ժամանակաշրջաններում:

«Հեղափոխություն» կոչված իշխանափոխությանը աջակցած միամիտները վստահ էին, որ իրենց «վարդագույն» ներկայում այլևս չեն տեսնելու ոչ օլիգարխների, ոչ նրանց «ախրաննիկների»՝ մեղմ ասած, խնդրահարույց պահվածքը, և ոչ էլ ամենաթողության որևէ դրսևորում:

Սակայն «վարդագույն» ներկան շատ արագ խամրեց, իսկ ապա վերափոխվեց գորշ մոխրագույնի՝ Արցախի մեծ մասի կորստով, 5000-ից ավելի զոհերով, կրկնակի ավելի վիրավորներով, անհամար անհետ կորած ու գերեվարված զինծառայողներով:

Բայց արի ու տես, որ այդ «գորշ» ներկայի հեղինակները ոչ միայն մազաչափ պատասխանատվություն չեն կրում մեզ պարտադրված իրողության համար, այլև ազատ ու համարձակ շրջում են մայրաքաղաքի փողոցներում, իսկ հարմար առիթի դեպքում՝ նաև հոխորտում:

Փաստերը հզոր բան են, և ապրիլի 17-ի երեկոյան 168.am-ի ֆոտոխցիկը Աբովյան-Պուշկին խաչմերուկում ֆիքսեց բուռն կերպով ինչ-որ բան քննարկող իշխանամերձ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ծնունդով հադրութցի Կամո Աղաջանյանին, ով վերջին ժամանակներում Հայաստանի ու Արցախի ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով Արցախը բարեհաջող հանձնելուց հետո կարծես թե բնակություն է հաստատել Երևանի կենտրոնում:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր