211652_close_icon
views-count123424 դիտում article-date 23:30 29-03-2021

Արաբկիրի ոստիկանները Ջրվեժի «Հրաշք» հյուրանոցային համալիրում իրականացրել են «Ծովահրեշ» օպերացիան. բերման են ենթարկվել վրացի գողեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   մարտի 27-ին  ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Իտալական ծովահրեշի արկածները Ջրվեժի «Հրաշք» հյուրանոցային համալիրում» անվանումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում  Ջրվեժ գյուղում գործող «Հրաշք» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկից  Արաբկիրի ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 32-ամյա Սաբա Սիճինավային և 44-ամյա Ռևազ Թաթուլաշվիլիին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 39-ամյա բնակչուհի Անի Հ.-ն և հայտնել, որ հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝  քննչական բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ: 

 Արդեն տեղում ոստիկաններին  և քննիչներին տուժած Անի Հ.-ն հայտնել է, որ բնակարանից հափշտակել են  23 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն ՀՀ դրամ, 70 հազար ՌԴ ռուբլի և մոտ 5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:

Տուժածը նաև իրավապահներին հայտնել է, որ ինքը  գողության մեջ կասկածում է իր ծանոթներից  մեկին:

 Նույն օրը Ա. Վաթյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական խմբեր՝ քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների մասնակցությամբ: Մեկ այլ խումբ էլ ստեղծվել է քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Պետրոսյանի գլխավորությամբ: 

 Ոստիկաններն ու քննիչները աշխատել են ոչ միայն տուժածի  հայտնած տեղեկությունների ճշտման ուղղությամբ: Կարճ ժամանակ անց, Ա. Վաթյանի կողմից կատարված  օպերատիվ   աշխատանքի արդյունքում ճշտվել է ենթադրյալ կասկածյալների ինքնությունը և համոզված լինելով, որ տեղեկատվությունը հավաստի է, Արաբկիրի  ոստիկանները գործի են անցել և արդեն «Հրաշք» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են կասկածյալները, ինչպես նաև գողոնի մի մասը, այդ թվում՝ գումարներ և ոսկյա զարդեր:

 Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ս. Սիճինավան նախկինում դատապարտված է եղել Իտալիայում՝ գողություն, Վրաստանի Հանրապետությունում՝ ավազակություն կատարելու համար:

Հ. Պետրոսյանի որոշմամբ նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան,  որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր