211652_close_icon
views-count3231 դիտում article-date 23:57 20-03-2021

Չզարմանաք, որ շուտով մենք նույնիսկ պետական մակարդակում սկսենք չհիշատակել «Հայոց ցեղասպանություն» բառը. թուրքագետ

Փաստացի կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը, որը ներկայիս շատ գործընթացների հիմքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նա գրել է. 

«ՀՀ վարչապետի վերջին ելույթից մի հատված, որը պարտավոր եմ մեկնաբանել որպես թուրքագետ.

«Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։

Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։

Ի՞նչ է սա նշանակում։
◾ Այս խոսքերով ՀՀ ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ու հայության արդար պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարում, որի վերջին դրսևորումը Արցախի ազատամարտն էր՝ մեր դեմ պարտադրված պատերազմը։
◾ Հայաստանի ու Թուրքիայի միջև թշնամության հիմնական պատճառը միշտ էլ պարզ է եղել բոլոր քաղաքական հայերի համար. այս տարածքում անկախ հայկական քաղաքական միավոր՝ հայկական պետություն լինելը և դրա հանդուրժելը երբևէ չի եղել թուրքերի պլաններում։ Ուստի վարչապետի «...նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը (նկատի ունի՝ հայ-թուրքական թշնամանքը) սկսվել ա...» պրիմիտիվ տգիտություն է ու հայկական ազգային նախագծի ոչնչացման փորձ։
◾ Փաստացի կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը, որը ներկայիս շատ գործընթացներների հիմքն է։
◾ Արդարացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ոչ միայն պատմական, այլև մերօրյա դրսևորումները։
◾ Սա նշանակում է նաև, որ կասկածի տակ են դրվում Ադրբեջանի կողմից միայն վերջին 35 տարիների ընթացքում հայերի դեմ իրականացված բացահայտ ռասիստական ու թշնամական գործողությունները (1988թ. Սումգայիթում հայերի կոտորածը, 1990թ. Բաքվի հայերի ջարդը, 1992թ. Մարաղայի հայության կոտորածը, Ստեփանակերտի խաղաղ բնակչության գնդակոծումը, Հադրութի հայության կոտորածը, Տավուշի մշտական գնդակոծությունը, մեր եղբայրների պարբերական սառնասիրտ գլխատումը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը և այլն)։
◾ Այս հայտարարությունը նշանակում է նաև, որ մեր պետությունն այս պահին սկսել է պարտվողականության դիրքերից Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր կատարել, որի արդյունքը Արցախի մնացած հատվածից մեր հրաժարումն է ու դրա վերջնական թուրքացումը։
◾ Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր զոհերը եղել են ոչ թե մեր թշնամիների ձեռամբ, այլ, ըստ ՀՀ վարչապետի, անհասկանալի պատճառներով, այլ բառերով՝ «հանուն ոչնչի»։

Այս ամենը հաշվի առնելով՝ չզարմանաք, որ շուտով մենք նույնիսկ պետական մակարդակում սկսենք չհիշատակել «Հայոց ցեղասպանություն» բառը։ Դե իսկ այս դիրքորոշման մնացած՝ քաղաքական արդյունքները արդեն իսկ իրականանում են հերթականությամբ՝ հայոց բանակի կրճատում, Սյունիքի հայաթափում, Մեղրիի միջանցքի բացում հերթականությամբ...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր