211652_close_icon
views-count11662 դիտում article-date 11:45 18-03-2021

Այսօր 44-օրյա պատերազմի հերոս, մայոր Լևոն Ավետիսյանը կդառնար 31 տարեկան

Արցախում նահատակված մայոր Լևոն Արմենակի Ավետիսյանը ծնվել է 1990 թվականի մարտի 18-ին Վաղարշապատում: 

Լևոնը հայոց բանակի լավագույն կադրերից էր. որպես սպա գերազանց է կատարել մարտական բոլոր առաջադրանքները, եղել է շատ պատրաստված ու  կարգապահ զինվորական: 

Ապրիլյան պատերազմի ժամանակ կապիտան Ավետիսյանը եղել է հետախուզության հրամանատար, իր ջոկատով պահել է Լալա Լագայի դիրքերը, և լավ ծառայության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից նրան է շնորհվել «Արիության մեդալ»: Քառօրյա պատերազմից մի քանի ամիս անց, կատարած սխրանքների ու ցուցաբերած խիզախության համար, Լևոնին 2 պաշտոն բարձր նշանակել են Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ: Երեք տարի եղել է Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ, իսկ 2020 թվականի հունիսի 23-ին տեղափոխվել է Հայաստանի N զորամաս՝ հետագա ծառայությունն այստեղ անցկացնելու:

Լինելով իր տված երդմանը հավատարիմ ու իր գործի նվիրյալ, լսելով սկսված պատերազմի բոթը` մայոր Ավետիսյանը շտապել է ռազմաճակատ`կռվելու ու պաշտպանելու հայրենիքի սահմանները: Ցավոք,  հոկտեմբերի 12-ին քաջարի մարտիկը դավադրաբար զոհվում է ԱԹՍ-ի հարվածից:

Հերոսը հայրենիքին տվեց ամենաթանկը` կյանքը. այն կյանքը, որն այդքան սիրում ու վայելում էր: Կենսախինդ երիտասարդը, ով այսօր պիտի տոներ տարեդարձը, բռնեց հավերժի ճամփան:

Մեր սրտերում հավերժ ապրող Լևոն, շնորհավոր քո լուսավոր ծնունդը: Քեզ միշտ հիշելու ենք ժպիտը դեմքիդ, կյանքով ու խինդով լի: Խոնարհվում ենք քո առջև բոլորս. հիշատակդ միշտ վառ կմնա, ամենաթանկ Լևոն. Լույս իջնի շիրիմիդ, մեր լույս:

Հեղինակ` Նելլի Մուրադյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր