211652_close_icon
views-count3066 դիտում article-date 19:30 16-03-2021

73 գերիներից բացի, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է․ ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, բայց հայտնի չէ՝ սպանվե՞լ են, դիե՞րը չեն գտնում, թե գերի են. Սիրանուշ Սահակյան

Դրանով ի ցույց են դնում, որ նշված անձիք հանցագործներ են և չեն վերադարձվելու, քանի որ արդեն իսկ դատական գործընթացը պաշտոնականացվել է և դրա համար վկայակոչում են կարգավիճակի փոփոխությունը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Ադրբեջանը ռազմագեր չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրականում միջազգային մարդասիրական իրավունքը պաշտպանության տակ չի վերցնում հանցագործներին, սակայն անհեթեթ է այն միտքը, որ նրանք պատերազմում սպանել են ադրբեջանցիների, հետևաբար հանցագործներ են։ «Հասկանալի է, որ պատերազմի ժամանակ թշնամու զորքերին խոցելը թույլատրվում է, և այս հիմքով քչերն են կարող դիտարկվել հանցագործներ։ Ադրբեջանը պարզապես անհարկի ձևով փորձում է խոչընդոտել հայրենադարձմանը»,–ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ հաստատված 73 գերիների առնչությամբ եվրոպական դատարանում ընթանում են իրավական գործընթացներ, և կարգավիճակի վերջնական գնահատումը տալու է եվրոպական դատարանը, բայց այս պահին էլ հումանիտար իրավունքի խնդիրներով զբաղվող կառույցները, միջազգային այլ գործընկերներ ունեն միասնական ընկալում, որ գործ ունենք ռազմագերիների հետ, իսկ մնացած խոչընդոտները պայմանավորված են քաղաքական գործոններով։

«Կարծում եմ, որ միջազգային գործընկերների, գերտերությունների հետ աշխատելով կարելի է բանեցնել անհրաժեշտ իրավական և քաղաքական ճնշում, որպեսզի բոլոր գերիները հայրենադարձվեն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ այդ գերիները հայտնվել են Ադրբեջանում նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, իրավաբանը նշեց, որ դա նշանակություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը և Ադրբեջանը դեռևս համարվում են հակամարտող կողմեր և ֆորմալ հայտարարության կնքումց հետո տեղի ունեցած միջադեպերն էլ մեկնաբանվում են մարդասիրական իրավունքի նորմերի ներքո։

«Բացի այդ պետք է հաշվի առնենք պրակտիկան․ մենք ունենք ամսի 10-ից հետո քաղաքացիական անձանց հայրենադարձում, Խծաբերդից 8 անձի վերադարձում, ինչը նույնպես հավելյալ ապացույց է այն մասին, որ նշված անձիք պահպանում են իրենց ռազմագերու կարգավիճակը, իսկ ժխտողականությունը պայմանավորված է քաղաքական նախադրյալներով»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ամեն դեպքում ինչպես են ընթանում բանակցությունները գերիների վերադարձին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․«Բանակցությունները բնականաբար հուսադրող չեն, այնտեղ իսկապես հարցը քաղաքականացված է, դեռևս Հայաստանի իշխանությունները զիջումների են գնալու, և այս պարտվողական հոգեբանության պարագայում Ադրբեջանը ռազմագերիների խնդիրը պահում է որպես հավելյալ լծակ, որպեսզի վերջնականորեն ստորացնի Հայաստանի իշխանություններին»,– ասաց նա։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր