211652_close_icon
views-count68415 դիտում article-date 19:33 13-03-2021

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. դիմակավորված անձը հարձակվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ծառայողի ու նրա կնոջ վրա. վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում՝ Անի թաղամասի 3-րդ փողոցում, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, որի ժամանակ նույն թաղամասի բնակվող, 40-ամյա Ռոման Ռոմանովը դուրս է եկել բակ, որպեսզի պարզի, թե երբ են տալու լույսերը:
 
Այնուհետև վերջինիս կինը՝ Սիրուշ Վ.-ն, ձայներ է լսել, և տանից դուրս գալուց նկատել է, որ ամուսինը գետնին ընկած, դիմակավորված անհայտ անձի հետ քաշքշում են իրար:
 
Երբ կինը սկսել է բղավել, հարևաններին կանչել ու գոռացել, որ ահազանգելու է ոստիկանություն, դիմակավորված անձը դանակով հարձակվել է նաև իր վրա, որից հետո դիմել է փախուստի:
 
Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ամուսինները հայտնել են, որ իրենք ստացել են մարմնական վնասվածքներ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժածներից Ռ. Ռոմանովը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում:
 
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում և Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր