211652_close_icon
views-count2570 դիտում article-date 10:43 18-02-2021

Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից․ ՄԻՊ

Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ:Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, համայնքային այլ իրավասու ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այցի ընթացքում իրականացվեցին մանրամասն քննարկումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ բնակիչների հետ, արվեցին մասնագիտական դիտարկումներ, անհատական մոտեցմամբ դիմումների ու բողոքների ուսումնասիրություններ: Այցի արդյունքերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ՝ 

1) Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կրակոցները պարբերական են, արվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի, պարզ լսվում են գյուղերում ու առաջացնում անհանգստություն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար: Կապան համայնքի գյուղերում ադրբեջանական կրակոցների ապացույց Մարդու իրավունքների պաշտպանն արդեն հրապարակել է: Այցի հաջորդ օրը այս նույն տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանմանը հաստատել են նաև Ծավ ու Ճակատեն գյուղերի բնակիչերը.

2) 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի նշված գյուղերի արոտավայրները, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության ներքո: Սա անհնար է դարձրել արոտավայրերից ու վարելահողերից օգտվելը.

3) այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված են եղել իրենց պատկանող հողերում՝ իհարկե, ցերեկային ժամերի: Մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ:Ընդ որում, կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականններն գտնվում են այնպիսի (անգամ 1կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները: Այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա: Այս փաստերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով, համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերով.

4) ադրբեջանական զինված ծառայողների (այդ թվում՝ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների) առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապան համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Ըստ բնակիչների՝ ստացվում է, որ ցուցանակները կամ դրոշները բնակիչներից «պահպանելու» համար են այդ վայրերում ադրբեջանական զինված ծառայողներ առկա: Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու իրենց ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով.

5) նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, այդ թվում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարավորությունը, լրջորեն վտանգում է նրանց կյանքի ու առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու ՀՀ Սահմանադրությամբ: Դա նաև խաթարում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի և ուժի ադրբեջանական սպառնալիքների ներքո մեխանիկական մոտեցումներ կիրառելու, անթույլատրելի արագ գործընթացի պատճառով՝ առանց հանձնաժողովային մասնագիտական աշխատանքների ու սահմանային բնակիչների իրավաչափ շահերը, նրանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, հետևաբար՝ իրավունքի գերակայության պահանջները հաշվի առնելու.

6) Սյունիքի մարզի Կապան համայնք 2021թ. փետրվարի 16-ի այցի ընթացքում գյուղերի բնակիչների հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կապան համայնքի ղեկավարի մասնակցությամբ քննարկել է նաև հարցեր, որոնք վերաբերում են գյուղերի բնակիչների սոցիալական աջակցության, սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը: Ավանդների հատուցման գործընթացի հետ կապված հարցեր են հատուկ քննարկվել Ներքին Հանդ գյուղում.

7) այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավարն ու համայնքային մի շարք պատասխանատուներ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրեցին մանրամասն տեղեկություններ ինչպես նշված, այնպես էլ Կապանի մյուս գյուղերին վերաբերող սոցիալական ոլորտի խնդիրների, նրանց կենսական պայմանների ու անվտանգության հարցերի վերաբերյալ: Այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընթանում են ամփոփման աշխատանքներ, որոնց առաջարկները կներկայացվեն պետական իրավասու մարմիններին, անհրաժեշտ դեպքերում կպահանջվեն պարզաբանումներ:

Նմանատիպ նյութեր