211652_close_icon
views-count1451 դիտում article-date 14:07 16-02-2021

Արցախի նախագահի աշխատակազմը հանդիպում-քննարկում է կազմակերպել հումանիտար հարցերով սփյուռքյան մի խումբ կառույցների հետ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը փետրվարի 15-ին Երևանում կազմակերպել է հանդիպում–քննարկում սփյուռքյան կազմակերպությունների հետ՝ հետպատերազմյան Արցախի առջև ծագած մարտահրավերների և դրանց լուծման գործընթացների վերաբերյալ, որի բանախոսներն էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայրենիքում գործունեություն ծավալող սփյուռքյան կառույցների մի խումբ ներկայացուցիչներ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը:

«Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, և արդեն բնակարանաշինության մի քանի խոշոր նախագծեր են մեկնարկել: Այնուհետև սոցիալական-կենցաղային կարիքներն են, որոնց մի մասն արդեն բավարարվել է: Վերականգնողական կարիքները ներառում են և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական վերականգնումը, որոնց բավարարման ուղղությամբ ծավալուն գործ կա անելու: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել նաև ընտանիքների զարգացման կարիքներին՝ իրագործելով երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Վերջին կարևոր ուղղությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է, որտեղ նշանակալի դեր պետք է ունենա համահայկական մասնագիտական ներուժի արդյունավետ իրացումը՝ Արցախում երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացում ապահովելու համար»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից աշխատանքներ են տարվում մարդասիրական ծրագրերի համակարգման ինստիտուցիոնալ արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, և ակնկալվում է բոլոր փորձառու կազմակերպությունների մասնակցությունն այդ բարեփոխման մեջ:

Մանե Թանդիլյանը ներկայացրել է սոցիալական առկա կարիքները, կատարված աշխատանքները և ԱՀ ու ՀՀ պետական ծրագրերն այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության կողմից արդեն մեկնարկել է կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի արդյունքները հիմք կդառնան պետական ու բարեգործական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման համար:

Սա նման ձևաչափով առաջին համատեղ քննարկումն էր, որը տվեց իր գործնական արդյունքները տարբեր պայմանավորվածությունների տեսքով:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում մասնակիցների միջև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր մեր գրասենյակում Արցախի կառավարության նախաձեռնությամբ սփյուռքի 31 հիմնադրամների ներկայացուցիչների

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office Понедельник, 15 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր