211652_close_icon
views-count107321 դիտում article-date 11:19 14-02-2021

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ 28-ամյա տղան տեղում մահացել է․ վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ փետրվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:25-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երիցյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան Միկրոշրջան թաղամասի բնակիչ 28-ամյա Թելման Մուրադյանն էր, ով նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի 505 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Երիցյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քր օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր