Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն ավարտել են Ղարաբաղի Մարտունու շրջանի տարածքի ականազերծման աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահները կիրառել են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթուցիկ նյութերի հետ աշխատելիս և ականազերծում կատարել` անկախ եղանակային պայմաններից։
Ըստ հաղորդագրության` ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են նաև կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնման աշխատանքները:
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 1358,3 հա տարածք, այդ թվում` ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 բնակելի շինություն, սոցիալական նշանակություն ունեցող 29 օբյեկտ։ Հայտնաբերվել է շուրջ 24 300 չպայթած զինամթերք: