Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է համարել ՀԱՄԱՍ-ի ստամբուլյան գրասենյակի փակումը
Իսրայելն Անկարային հայտնել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ստամբուլում չի փակվել պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման գրասենյակը, երկուշաբթի հաղորդել է իսրայելական [url=https://www.ynetnews.com/article/Sy5FCkQ100]YNet[/url] պարբերականը:
Ըստ պարբերականի՝ Իսրայելի՝ իր դեսպանին Թուրքիա ուղարկելու նախապայմանն այդ երկրում «ՀԱՄԱՍ»-ի գրասենյակի փակումն է։
«ՀԱՄԱՍ»-ը Ստամբուլում գրասենյակ է բացել այն ժամանակ, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմը ստիպեց նրան հրաժարվել Դամասկոսում իր գրասենյակների մեկից: «ՀԱՄԱՍ»-ի հայտնի ռազմական առաջնորդ Սալահ ալ-Արուրին, որը գլխավորում էր Ստամբուլի գրասենյակը, 2015 թվականին արտաքսվել է քաղաքից՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու ավելի վաղ արված փորձի շրջանակներում, սակայն Թուրքիան շարունակել է աջակցել շարժմանը։
Օգոստոսին Էրդողանը Ստամբուլում ընդունել է «ՀԱՄԱՍ»-ի երկու առաջնորդներին՝ առաջացնելով Վաշինգտոնի քննադատությունը։
Նոյեմբերի վերջին Թուրքիան բացահայտ հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր շահագրգռվածության մասին։ Թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը գաղտնի հանդիպել է իսրայելցի պաշտոնյաների հետ, իսկ ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր՝ կցանկանար, որ երկու երկրների հարաբերությունները բարելավվեն:
Թուրքիան նաև, ինչպես հաղորդվում է, պատրաստ է նոր դեսպան ուղարկել Թել Ավիվ, սակայն այդ կապակցությամբ դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել։