Կրակոցներ Երևանում. «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են «գոլդ համարներով» և կրակոցի հետքերով «յաշիկ» և Mercedes AMG GL42. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և  ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող  «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ  ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր  կան: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի մի քանի օպերլիազորներով:
 Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝  Mercedes G 500 մակնիշի   A 777 AA 777 RUS համարանիշի ավտոմեքենաներ:
Այս պահին նշված ավտոմեքենաները զննում են Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: 
Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Թե ինչ հանգամանքներում և որտեղ  են կրակոցներ արձակել նշված ավտոմեքենաների վրա, էրեբունու  ոստիկաններն ու  քննիչները ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ պարզել են:
 Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ նրանք պարզել են  նաև, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են  նաև կրակված պարկուճներ: 
Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:  Կատարվում է նախաքննություն:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:
 Նշված ավտոմեքենաների  վրա հայտնաբերվել են  կրակոցի հետքեր: Վնասված են նաև Mercedes AMG GL 42-ի հետևի և դիմացի ապակիները, կողային հատվածներում էլ կան կրակոցի հետքեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


