211652_close_icon
views-count36623 դիտում article-date 17:45 07-01-2021

«Պահանջելու ենք քննել գերագույն հրամանատարի գործողությունները». անհետ կորածների հարազատները դիմում են փաստաբաններին ու լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168․am

«Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին․ գրում է [url=https://168.am/2021/01/07/1440292.html]168․am[/url]-ը: Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով. «Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով՝ աշխատեցնել: Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա, և այլն: Ելքը մեկն է՝ սկսել անզիջում և հետևողական իրավական պայքար բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավաճանել են, խաբել են մեր երեխեքին ու տարել են անխուսափելի մահվան: Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե՛ զինվորականներին, թե՛ քննիչներին, թե՛ իշխանությանը, որը կոծկում է այս ամենը: Հասկանալի պատճառներով՝ մեզանում իրավաբաններ և լրագրողներ չկան, ուստի խնդրում եմ բոլոր հայ լրագրողներին և իրավաբաններին, օգնել մեզ այս սուրբ պայքարում ընդդեմ դավաճան չինովնիկների անտարբերության, ում համար մարդը, հայ մարդը, մեր զավակները, նրանց կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը ոչինչ են, այսինքն՝ սահմանադրությունը թղթի կտոր է: Հարգելի լրագրողներ ու իրավաբաններ, խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ՝ հետևյալ ռազմավարությունը իրականացնելու նպատակով: Լրագրողներից ակնկալում ենք աջակցություն, որ դուրս գանք միջազգային հարթակներ և հայտնենք, որ մեր իշխանությունները միտումնավոր թաքցնում են զոհվածների, գերիների և անհետ կորածների թվականակը, որպեսզի հետագայում պատասխանատվություն չկրեն նրանց հարազատների առջև: Պարտված բանակը ոչ մի իմաստ չունի այս թիվը թաքցնելու, պատերազմը վերջացել է, և արդարացումներ չեն կարող լինել այլևս: Միայն միջազգային մամուլում մեր իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքերի, հիմնավոր և համակարգված ներկայությունը կարող է իրենց ստիպել գործուն քայլեր կիրառել մեր գերիներին կամ մահացածների դիերը հետ ստանալու համար: Եթե մենք չբարձրաձայնենք այս ամենը, աշխարհի մեծերը շարունակելու են Նիկոլին տիկնիկի պես խաղացնել, ամեն օր ավելի հեռացնելով մեր երեխեքին կամ նրանց աճյունները գտնելու հույսը, շարունակելով ոտնահարել մարդու հիմնական իրավունքները: Ընդամենը մեկ օրինակ՝ մեզ ասել են, որ ԴՆԹ չեն կարող ուղարկել այլ երկրներ, քանի որ կարող է դատի գործ լինի, ոչ մեկը չի ուզի պատասխան տալ, ուստի դա լկտի սուտ է, մարդու ԴՆԹ-ն ունիկալ է, և այն հնարավոր չէ կեղծել, համընկնում կա կամ չկա, և դրա մասին կհայտնի ցանկացած լիցենզավորված մասնագետ, բայց մեզ շարունակում են խաբել այս և այլ թեմաներով՝ աշխատանքի պատրանք ստեղծելով: Հարգելի իրավաբաններ, մեր նախաձեռնությունը որոշել է յուրաքանչյուր մեր հարազատի դեպքում 1 քրեական գործ հարուցել, տալ զինվորական անփութությա՞ն, թե՞ դավաճանության հոդվածով, դա արդեն դուք կասեք: Այդ գործերի շրջանակում պահանջելու ենք բաց ու թափանցիկ ձևով քննել մեր հարազատների մահվան հանգամանքները, ինչպես նաև այդ մահվանը հանգեցրած զինվորականների մեղքը, ինչո՞ւ ոչ, նաև գերագույն գլխավոր հրամանատարի, եթե այդպիսինը պարզվի քննության ընթացքում: Հայաստանում կան ավելի քան 3000 փաստաբաններ, ինձ թվում է՝ 300-ը կարող են մարդամեկիս գործը վերցնել իրենց հաշվին և բարեխղճորեն տանել մինչև վերջ: Նաև ուզում ենք կառավարության անգործությունը վիճարկել վարչական դատարանում, ստիպել, որպեսզի ի վերջո մեզ ասեն զոհվածների, գերեվարվածների ու անհետ կորածների ճշմարիտ թվերը: Մարդու ուղեղում չի տեղավորվում՝ ո՞նց կարելի էր պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ զոհվածների ցուցակներ հրապարակել, իսկ հրադադարից հետո սկսել թվերը թաքցնել, էլ չասենք, որ թշնամու զոհերը 1 հոգու ճշգրտությամբ հաշվարկողներ կային՝ 44 օր, իսկ մեր հարազատներին 3 ամիս, որից 1.5 ամիսը՝ խաղաղ պայմաններում, չեն կարողանում հաշվարկել: Միաժամանակ մեզ պետք են անգլերենի և ֆրանսերենի իմացությամբ փաստաբաններ, ովքեր կօգնեն դիմել Եվրոպայի խորհուրդ, որի անդամն են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, որպեսզի երկուսին էլ զրկեն անդամակցությունից՝ մարդու հիմնական իրավունքները ոտնահարելու համար: Հասկացանք՝ պատերազմ է եղել, բայց ի՞նչ է նշանակում՝ տուժած անձանց վիշտը 3 ամիս չարաշահել ու անտերության մատնել: Նաև ուզում ենք քննարկել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունները: Մի խոսքով՝ բոլոր այն միջոցները, որոնք բանավոր խոստումներից դուրս են և տանում են դեպի արդար իրավական լուծում, խնդրում եմ ինձ անձնական նամակով գրել, տրամադրել ձեր տվյալները, որպեսզի մենք անցնենք մասնագիտական քննարկման և գործողությունների: Իշխանությունները կգան ու կգնան, բայց մեր երեխեքի կյանքն ու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, պետք է արդարությունը վերականգնվի: Մենք տվել ենք մեր հայրենիքին ամենաթանկը՝ մեր զավակներին, մեր հարազատներին, խնդրում եմ՝ կանգնեք մեր կողքին, կառուցենք մեդիա և իրավաբանական գրագետ թիմ, օգնելով մեզ՝ կօգնեք, որ մեր երկիրը արդար երկիր դառնա»: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր