211652_close_icon
views-count1593 դիտում article-date 10:05 15-12-2020

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափի ապագան` ԼՂ հարցում. «Ամերիկայի ձայն»

Ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներն այցելել են Բաքու և Երևան, որից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպիսի՞ն է այսօր այս ձևաչափի փաստացի կարգավիճակը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5699370.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և իր ամերիկացի գործընկեր Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին անցած շաբաթվա վերջում եկան տարածաշրջան՝ ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների ու արտգործնախարարների հետ հանդիպելու նպատակով: Այս այցի մասին վերջերս ազդարարել էր ԱՄՆ պետքարտուղարությունը: Դեռևս պարզ չեն ռուսաստանցի համանախագահի բացակայության պատճառները: Փոխարենը Ռուսաստանին Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երեւանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Պատվիրակությունն առաջինն այցելեց Բաքու: Շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «ինքը չի հրավիրել համանախագահներին Բաքու, այցը նրանց նախաձեռնությունն է: Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Ալիևը: Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, դա որևէ արդյունքի չի հանգեցրել, հայտարարել է Ալիևը` նշելով, որ խնդիրն այսօր լուծված է, իսկ տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակ է: Բաքու կատարած այցին հաջորդեց համանախագների այցը Երևան, ուր հանդիպում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան` ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար: Որպես առաջնահերթություն ՀՀ ղեկավարն ընդգծել է ԼՂ կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունն ու ԼՂ հայության անվտանգության հետ կապված մի շարք այլ հարցեր: Հատկանշական է, որ չեղարկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Ըստ Ստեփանակերտի, հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ ոչ լիարժեք ձևաչափի պատճառով՝ հաշվի առնելով, որ ռուս համանախագահը չի մասնակցում տարածաշրջանային այցին։ Վերլուծաբան Մայքլ Ռուբինն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը հակասում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացի մի շարք դրույթներին: Մասնավորապես խաղաղապահ զորքերը ՄԽ պայմանավորվածության համաձայն չպետք է բաղկացած լինեին հարևան երկրներից կամ ՄԽ անդամներից: Դիտարկվում էր սկանդինավյան խաղաղապահների ներգրավման տարբերակը: Բացի այդ, ըստ Ռուբինի, տարածքներ խաղաղության դիմաց մոտեցումը ևս արդիական չէ: «Այն, ինչ Ալիևն ասաց Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հաղթանակի ներքո, նշանակում էր, որ նա հասել է այդ բոլոր շրջանների վերադարձին` առանց իրականում որևէ փոխզիջման գնալու կարգավիճակի կամ նույնիսկ կարգավիճակի շուրջ բանակցությունների հարցում»,- ասում է Ռուբինը: Այսօրվա իրավիճակը սահմանափակում է Փարիզի ու Վաշինգտոնի հնարավորություններն՝ ազդելու գործընթացի վրա, սակայն, ըստ Ռուբինի, հնարավոր է շտկել իրադրությունը, քանի որ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը հրադադար է, այլ ոչ թե խաղաղության պայմանագիր, որը պարունակում է բազմաթիվ անորոշություններ: Անհրաժեշտ է ուղակի արագ գործել՝ շեշտում է Ռուբինը: «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է լինեն շատ նախաձեռնող: Հայաստանը՝ ևս ՝ հստակություն մցնելու այս տարբեր համաձայնագրերում»,- նշում է նա: Իր հերթին վերլուծաբան Ուլվի Իսմայիլը կանխատեսում է Մինսկի խմբի վերադարձը խաղաղ կարգավորման գործընթաց: Ռուսաստանին անհրաժեշտ է միջազգային այս ձևաչափը, ընդգծում է վերլուծաբանը՝ նշելով, որ գործընթացն այսօր ընթանում է փուլային ծրագրի տարբերակով: Նա նաև հիշեցնում է ՌԴ նախագահ Պուտինի մոտեցումն այս հացում, ըստ որի՝ ԼՂ կարգավիճակի հարցը ապագայի խնդիր է: «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ կվերադառնա ասպարեզ, քանի որ միևնույն է անհրաժեշտ է կարգավորել խնդիրը»,- ասել է Իսմայիլը: Այցի վերջում ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, ուր նշեցին, որ կողմերը ներկայացրել են իրավիճակի իրենց գնահատականներն ու գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատել են իրենց շարունակական հանձնառությունը՝ կողմերի հետ կառուցողական համագործակցության հարցում՝ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խրախուսելու և առկա խնդիրները կարգավորելու համար: Համանախագահները նաև պարտավորվել են հանդիպումների ընթացքում հնչած մտքերի շուրջ հստակ առաջարկներ ներկայացնել կողմերին հետագա քննարկումների համար: Հիշեցնենք, որ ըստ Վաշինգտոնի դիրքորոշման, ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում կողմերի միջև առարկայական բանակցությունների միջոցով՝ երկարատև ու համապարփակ համաձայնությանը հասնելու համար:

Նմանատիպ նյութեր