211652_close_icon
views-count4771 դիտում article-date 01:45 15-12-2020

Այս սուրբ ազգին հայրական հոգատարությամբ առաջնորդ է պետք, ոչ թե մանրախնդիր մեկը․ Սեյրան Օհանյան.24news

Նոյեմբերի 9-ից հետո ամբողջ հանրությունը շարունակում է քննարկել վերջին պատերազմում տեղի ունեցածն ու դրա հետեւանքները եւ ես, որպես մեր հանրության կյանքում դերակատարում ունեցած մարդ, պետք է հայտնեի իմ գնահատականը։ Այս մասին [color=#EF2929]24news[/color]-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը՝ պարզաբանելով իր հայտարարությունը, որտեղ նշել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության»։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Փաշինյանն ու իր թիմը զրոյացրին մեր 30 տարվա ձեռքբերումները։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեր հազարամյակների պատմության մասին դասեր տալիս սերունդներին ուսուցանում ենք հիմնականում հաջողությունների հենքի վրա, թեեւ ունեցել ենք ե՛ւ հաջողություններ ու հաղթանակներ, ե՛ւ անհաջողություններ։ «Պարույր Սեւակն այսպիսի խոսքեր ունի․ ով հայտարարում է նոր օրենք ու կարգ, հայտարարվում է նաեւ օրենքից դուրս։ Մեր 30 տարվա պատմությունն իմաստավորվել է Հայաստանի ու Արցախի անկախացումով, Արցախյան ազատամարտով, առանցքը դա՛ է եղել։ Բոլորս հպարտացել ենք դրանով, բոլոր 3 նախագահներն իրենց գործունեությամբ արել են ամեն ինչ, որպեսզի այդ 42 հազարից ավելի քառ․ կմ տարածքը պաշտպանված լինի, Բանակը՝ ուժեղ, անվտանգության խնդիրները չեզոքացվեն։ Բոլոր 3-ի օրոք էլ ունեցել ենք հաջողություններ, պետականաշինություն, բանակաշինություն, պետական կառավարման համակարգի խիստ ձեւավորում, հետագայում այդ ամենի շարունակականություն, եթե ուզում ենք կառուցել նորը, գոնե դրա հիմքում պետք է լինի նախկինի ամեն դրականը։ Իհարկե, եղել են բացթողումներ, բայց դրանք դասեր քաղելու համար են։ 2018-ի այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, մեզ թվում էր, թե ամեն ինչ նոր հենքի վրա պետք է դրվի։ Մեզ թվում էր, թե հասարակությունը պետք է համախմբվի։ Բայց տեղի ունեցավ այն, որի արդյունքները մենք քաղում ենք։ Պետական քաղաքականության մեջ բացթողումների հիմքում ընկած էին ոչ թե գաղափարական ու պետական շահերը, այլ նեղ անձնական ու քաղաքական շահեր։ Ասենք՝ կառավարման արվեստ, առկա քաղաքականությունը չի արտացոլում շահերը, ասենք գյուղնախարարությունը միավորելը այլ նախարարության մեջ, կամ կրթության ոլորտը։ Մարդկային ռեսուրսների կառավարում․ տեսեք՝ ում նշանակեցին բարձր պաշտոնների, նշանակեցին անփորձ մարդկանց, «հները չլինեն» պատճառաբանությամբ։ Կամ ինչ փորձառություն ունեն պատգամավորները, սովորաբար ասում ենք՝ բանակում չծառայածներ, չէ՞, մինչդեռ էքստրեմալ պայմանների փորձ ունեցողները կարող են պետական կառավարման հմտություններ դրսեւորել։ Կամ մեկ օրով պաշտոնի նշանակել, որպեսզի գնդապետի կոչում տան, իսկ հետո նշանակեն գեներալ-գնդապետի կոչմանը համապատասխանող պաշտոնի, ի՞նչ փորձառություն նա կարող է ունենալ տվյալ մարդը այդ ոլորտը կառավարելու համար։ Պաշտպանության նախարարությունում փոխվել են ԳՇ երեք պետեր, ՊԲ երեք հրամանատարներ։ Այս ամենը ազդում է կառավարման որակի վրա։ Եթե ՊՆ-ն քաղաքական պաշտոն է, ապա ԶՈւ ԳՇ պետը՝ ոչ, նա պետք է երկար պաշտոնավարի, հիմնավոր տիրապետի իր գործին, քանի որ վատ զարգացումների դեպքում, նա հանգիստ կարող է ասել, անհաջողությունները նախորդ շրջանից եմ ժառանգել։ Բացի այդ՝ անցյալի նսեմացումը․ ինչ է, երեք նախագահները չէին հասկանո՞ւմ, որ փոփոխություններ են պետք, բայց երկրորդ նախագահն էլ է, չէ՞, ասել, որ իրեն էլ են բազմիցս առաջարկել քրեական գործեր հարուցել, պատժել նախկիններին, բայց նա հաշվի է առել նաեւ նրանցից յուրաքանչյուրի դրական արժանիքներն ու ներդրումը, եւ գիծ քաշելով, առաջ է նայել։ Այս ամենը բերեց նաեւ բնակչության պառակտման։ Ի՞նչ է նշանակում հին ու նոր։ Վաղը՝ նոր իշխանության դեպքում, էլի պետք է ասենք հին ու նո՞ր։ Մեր ծառայությունները պետությանն ու պետականությանը․․․ նշանակություն չունի՞», ասել է Սեյրան Օհանյանը։ Շուշիի դիտավորյալ հանձնման հարցի առնչությամբ, Սեյրան Օհանյանն ասել է, որ ինքը չի եղել քաղաքի պաշտպանության հրամանատարը, այնտեղ է եղել իր կամքով։ «Ես պետական պաշտոն չեմ զբաղեցնում, եւ հիմա հրամանատար չեմ։ Ապատեղեկատվություններ տարածվեցին այդ թեմայով։ Եթե մարդը կարծիք է հայտնում, ֆեյքերի հրոսակախմբերը մի քանի հերթափոխով հարձակման են անցնում, առաջ էլ գուցե կար, բայց չէր երեւում, այս իշխանության ժամանակ այդ գործը բազմապատկվեց։ Ուզում եմ ասել՝ ով սոցցանցերում կեղտոտ հայհոյանքներով գրառումներ են կատարում, ինձ եւ մյուս նորմալ մարդկանց թշնամիներն են։ Իմ որդին վիրավորվել է, տարածում են, թե ինքն իրեն է խփել։ Ես նրանց խորհուրդներ եմ տվել, եթե չկատարեն, ես իմ խոսքն եմ կատարելու։ Այդ մարդիկ իմ թշնամիներն են եւ վաղ թե ուշ պատասխան են տալու։ Ինչ վերաբերում է Շուշիին, եթե ձախողումներ են եղել, ապա ոչ ճիշտ պլանավորման արդյունքում․ ուժերի ոչ ճիշտ հաշվարկ ու խմբավորվածություն եւ այլն։ Ես տեսել եմ, որ այնտեղ կռվել են անձնուրացաբար։ Եթե դավաճանության մասին են խոսում, դրանով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, ես չէի ուզի դրան հավատալ։ Բայց ԱԺ-ն ու ՍԴ-ն պետք է պարզեն՝ ինչու է առանց իրենց քննարկման ստորագրվել այդ համաձայնագիրը», նշել է պաշտպանության նախկին նախարարը։ Սեյրան Օհանյանը պատմել է, որ 1993-ին, երբ ինքը Արցախի ՊԲ ԳՇ պետն էր, Ֆիզուլիում մարտական խնդիրներ պետք է կատարվեին, ինքը 6 ամիս այնտեղից դուրս չի եկել, մինչեւ բոլոր խնդիրները չեն լուծվել։ «Երբ ասում եմ՝ մրցունակ Բանակ ունենք, պետք չէ հակադարձել, թե հակառակորդը շատ լայն սպառազինություն ուներ, թվային գերակշռություն եւ այլն։ Նույնիսկ այդ պայմաններում պետք էր շեշտը ինժեներական կառույցների վրա դնել, գործողությունների ճիշտ պլանավորման, լավագույն խրամատավորման, այդ դեպքում մենք լեռնաանտառային հատվածներում ի զորու էինք կասեցնել։ Կամ մենք այդքան զոհեր չպետք է տայինք ու այդքանը զիջեինք, կամ զոհեր տալու դեպքում, պետք է կասեցնեինք հակառակորդին», ասել է Ս․Օհանյանը։ Շուշին գրավվե՞ց, թե՞ հանձնվեց հարցին ի պատասխան գեներալ-գնդապետը պատասխանել է՝ կպարզվի։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ այս պատերազմի առաջին րոպեներին ՀՕՊ միջոցների եւ հրետանու որոշակի տոկոս կորցնելու հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, Սեյրան Օհանյանը, խոսքն ուղղելով լրատվամիջոցներին, իր մարտական ընկերներին, պաշտոնաթող գեներալներին, ՊՆ-ին ու ԳՇ-ին, կոչ է արել գրաքննություն սահմանել եւ թույլ չտալ թվական եւ այլ տվյալների հրապարակումը, քարտեզ ցույց տալը, որոնք պետական կամ ռազմական գաղտնիք են պարունակում։ Այս ամենի համար քննիչ հանձնաժողով պետք է ստեղծվի, որին իմ ծառայությունները կարող եմ առաջարկել։ «Մենք կարող էինք մեր ուժերով ու հնարավորություններով թույլ չտալ այս ողբերգական հետեւանքը։ Խնդիրը կառավարման ուղղահայացին է վերաբերում։ Գլխավոր հրամանատարը մշտապես պետք է լիներ ԳՇ-ում եւ որոշումները պետք է կայացվեին ռազմաքաղաքական մանրակրկիտ վերլուծությունների արդյունքում։ Երկրորդ՝ երկրում չի եղել ուժերի ու միջոցների մոբիլիզացիայի մթնոլորտ։ Ոչ թե առանձին ջոկատներով, այլ զորամասային համալրումով էր պետք առաջնորդվել։ Չեն համախմբել ժողովրդին հայրենական պատերազմում հաջողության համար։ Վատ կազմակերպումը՝ սկսած պարետային ծառայությամբ, ղեկավարման կետերից, մինչեւ կարգապահություն ու արտաքին տեսք։ Եթե նախկինում մենք ֆիդայական ջոկատներից կազմավորեցինք բանակ՝ հաջողության հասնելու համար, ապա այս պատերազմում հակառակն արեցինք։ Ես Արցախում չտեսա Հայաստանից եկած պաշտոնյայի, որը գրիչը ձեռքին նշումներ աներ։ Ընթացքում իմ արած վերլուծությունները փոխանցել եմ Մովսես Հակոբյանին, որ զեկուցի վարչապետին, սակայն նրան վարչապետը չի էլ ընդունել։ Համապատասխան մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե գերագույն հրամանատարն ամեն ինչ մանրամասն իմանար՝ կամ պետք է կանգնեցներ պատերազմը զիջումներով, առանց այսքան զոհերի կամ եթե զոհեր էինք տալիս, պետք է պահեինք Արցախը։ Ոչ ոք չի պատժվել, մինչդեռ հերոսների կոչումներ ենք տվել, խնդիրները չկատարածներին գեներալի կոչում ենք տվել», ընդգծել է Ս․Օհանյանը։ Իշխանությունն, ըստ Սեյրան Օհանյանի, պետք է փոխվի ոչ այնքան պարտության, այլ վատ կառավարման համար, նրանք չեն կարող շարունակել, պարտված ղեկավարը պետք է հեռանա, իսկ նորը պետք է լինի համարձակ բանակցող։ «Մեր ազգին անհրաժեշտ է առաջնորդ, այս սուրբ ազգին, հազարամյա պատմություն ունեցող ազգին հայրական հոգատարությամբ ու փորձառու առաջնորդ է պետք, եւ ոչ թե մանրախնդիրներ։ Այս դժվար իրավիճակում կարեւորը մեր բնակչության հետ տարվող աշխատանքն է։ Գլուխս խոնարհում եմ բոլոր զինվորների ու սպաների, կամավորականների առաջ, հիմա խնդիրը մեր ժողովրդի ոգին բարձրացնելն է», ամփոփել է Սեյրան Օհանյանը։

Նմանատիպ նյութեր