Գործադիրը նախատեսում է թույլատրել գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: [url=https://armenpress.am/arm/news/1037251.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` փաթեթի ընդունման դեպքում կթույլատրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:
«Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում: Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Դեկտեմբերի 2-ին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: