211652_close_icon
views-count1143 դիտում article-date 16:54 07-12-2020

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի հայտարարությունը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի խախտումն ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, ամրագրվել է իբրև կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որևէ օտար լեզվի քննություն հանձնել: Դեռ ավելին՝ ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում հայոց լեզվի քննությունը նշված է իբրև ոչ մրցութային: Հիշեցնենք, որ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը միանշանակ սահմանում է. «Հայաստանի Հան¬րա¬պետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդը համոզված է, որ բացարձակ անթույլատրելի է որևէ հիմնավորմամբ արդարացնել օրենքի դրույթի խախտումը, ուստի պահանջում ենք ՀՀ Կառավարությունից վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը՝ համապատասխանեցնելով այն գործող օրենքի պահանջներին: ՀՀ Կառավարությունն ի պաշտոնե մեր օրենսդրության պահպանման երաշխավորն է, և ՀՀ պետական լեզվի հանդեպ կանխակալ ու աչառու վերաբերմունքը պետք է բացառի: Հավելում ենք նաև, որ այս որոշումը ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված և մինչ այդ շահագրգիռ մասնագիտական ատյանների կողմից հիմնավոր քննադատության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի մերժելի մոտեցումների ուղղակի հետևանքն է: Այս օրենքի միջոցով փորձ է կատարվում ՀՀ պետական լեզվի դասավանդումը բուհերում դարձնելու կամընտրական: Ընդգծենք, որ հիշյալ օրենքի նախագիծը խնդրահարույց է նաև բուհական ինքնավարության առումով, քանի որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահվում է միանձնյա իրավասություն՝ նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնակատար: Արդեն հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունման դեպքում բարձրացնել Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ կրթության իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասելու հիմքով: Ակնկալում ենք բարձրացված հարցերի հրատապ և իրավաչափ լուծումներ, որոնք չիրականացվելու դեպքում մեզ վերապահում ենք դիմելու այլ գործողությունների։ [b]Հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդ[/b]

Նմանատիպ նյութեր