211652_close_icon
views-count1184 դիտում article-date 09:59 07-12-2020

Երկրաշարժից 32 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ

Շիրակի մարզում, ըստ վերջին հաշվառման, առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը Գյումրիում: Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշվեց ձևավորել հատուկ հանձնաժողով: «Հանձնաժողովն այս պահին էլ շարունակում է աշխատանքը: Գործընթացը ոչ միայն Շիրակում, այլ նաև Լոռիում ու Արագածոտնում է իրականացվում: Տնակներում բնակվող ընտանիքների խնդիրը տարբեր կերպ է լուծվելու»,- [url=https://armenpress.am/arm/news/1036920.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ համայնքների կողմից տնակների հաշվառման տվյալները ներկայացվել են ՀՀ քաղաքաշինական կոմիտե, որտեղ հստակեցվում են տնակները տարածքներից ազատելու կարգերը: «Տարբեր կացարաններ տարբեր կերպ են ապամոնտաժվելու ու տարածքից հանվելու: Խոսքը ոչ թե տնակում բնակվող բնակչին բնակարանով ապահովվելու, այլ քաղաքի, կամ բնակավայրի տարածքը ժամանակավոր կացարանից ազատելու մասին է»,-նշեց Ալբերտ Մարգարյանը: Շատ բարդ խնդիրներ են առաջ գալիս, քանի որ ընտանիքների` տնակում հայտնվելու պատճառները տարբեր են՝ մի մասը երկրաշարժից անօթևան է. ընտանիքի մեծ լինելու պատճառով բնակարան տեղափոխվել է մի մասը, մյուսը մնացել է տնակում, որոշներն էլ ստացել են փոխհատուցում, բայց վաճառել բնակարանը ու մնացել տնակում, կան նաև, որ ներքին միգրացիայի արդյունքով եկել տնակ են գնել և ապրում են Գյումրիում: Այսօր այս մեծ բեռը ՀՀ կառավարությունը չի կարող միանգամից վերցնել և տնակում բնակվող բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովել, դրա համար էլ գույքագրվում են, թե որ կատեգորիայի տնակները պետք է փոխհատուցվեն կամ ինչպես պետք է դա իրականցվի: Դա կորոշվի հանձնաժողովի աշխատանքի վերջնական փուլում և կկայացվի կառավարության համապատասխան որոշում, կլինի նաև ժամանակացույց: Չնայած տնակների առկայութանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա: «Չկան ընտանիքներ, որոնք մնալով անօթևան երկրաշարժից, կորցնելով բնակարան և ճանաչված լինելով շահառու` նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ կան ընտանիքներ, որոնք ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը: Կան նաև մեկ-երկու` դատական գործընթացով իրենց անօթևանի կարգավիճակը վերականգնած ընտանիքներ: Եթե բազմաբնակարան շենքերի մասով խնդիրը որոշակի լուծված կարելի է համարել, ապա սեփական բնակֆոնդի մասով պետությունը դեռ պարտավորություն ունի. սեփական տներում բնակվող 94 ընտանիք ընդհանրապես փոխհատուցում չի ստացել: Գյումրիում կան նաև 154 ընտանիքներ, որոնք մասնակի են փոխհատուցվել պետության կողմից: Ընդհանուր առմամբ, տարբեր պատճառներով, պետության կողմից մերժված կամ փոխհատուցում չստացած 1100 ընտանիքի խնդիր այս պահին լուծում է պահանջում: Պետության կողմից երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված ընտանիքների վերջին հաշվառումը տեղի է ունեցել 2008 թվականին: Ըստ այդ հաշվաման, միայն Գյումրիում, հաշվառվել է 4274 անօթևան ընտանիք, իսկ մարզի գյուղական բնակավայարերում ավելի քան 450 ընտանիք: Անցած տարիների ընթացքում 3100 ընտանիք ապահովվել է բնակարանով: «Գյումրիում 4274 ընտանիքից 3100-ն ապահովվեց բնակարանով կամ բնակարանի գնման վկայագրով, իսկ 1100-ը մերժվել, մոտ 400 ընտանիք ընդհանրապես չի ներկայացել հանձնաժողով՝ բնակարան ստանալու դիմումով»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Մարզի գյուղական բնակավայրերում բնակվող 148 անօթևան ընտանիքից 94-ը ընդգրկվել էր բնակարանի գնման վկայագիր ծրագրում, որն ավարտվեց նոյեմբերի 1-ին: 94-ից 65-ը ձեռք է բերել բնակարան, իսկ 55 ընտանիքի համար իրականացվում է բնակարանների կառուցման ծրագիր, նրանցից Ձրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանի կառուցման աշխատանքները հետաձգվել են՝ գումարը և տների նախագծա-նախահաշվային փաթեթները կան, մնում է միայն հստակեցնել նոր բնակավայրի հողհատկացման խնդիրը: Գյուղական համայնքների բնակարնների կառուցման ծրագիրը կավարտվի 2021 թվականի նոյեմբերին: Թեև սրանով կավարարտվի մարզի գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման այս ծրագրերը, սակայն փաստացի 25 ընտանիքներ, որոնք չեն կարողացել բնակարանի գնման վկայագիր ծրագրով ձեռք բերել բնակարաններ, թեև մնում են հերթացուցակի մեջ, բայց գործող ծրագրի շրջանակներում այլևս իրավասություն չունեն բակարան ստանալու: «Նրաց խնդիրը կմնա ապագայում, եթե կառավարությունը որոշի այս ընտանիքներ համար ևս մեկ ծրագիր իրականացնել: Բնակարանի գնման վկայագիր ծրագրի շահառու ճանաչված բայց բնակարան ձեռք չբերած 71 ընտանիք էլ Գյումրի քաղաքում կա, նրանք ևս շարունակում են մնալ հերթացուցակում»,-հավելեց Ալբերտ Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր