1335 դիտում
10:25 01-12-2020
ՄԻՊ-ն ավարտել է պատերազմի ընթացքում մեր գերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների ձևակերպման հերթական փուլը
Երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը: Տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:
Կատարված են ծանրագույն պատերազմական հանցագործություններ, որոնց վերաբերյալ ապացույցների ամրագրումը, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը խիստ հրատապ է:
Պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են) կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված:
ՀՀ կառավարությունն այս կարևոր ուղերձները պետք է հղի ինչպես մեր հանրությանը, որի համար այս հարցերը կարևոր առաջնահերթություն են, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին:
Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը:
Անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ:
Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը:
Նշված հարցերում ՀՀ գործադիր իշխանությունն իր մարմիններով ունի սկզբունքային դերակատարություն:
Անհրաժեշտ է համակարգված ու նպատակային աշխատանք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Այս հարցերը պետք է լինեն բոլորիս բացառիկ գերակայությունների թվում, յուրաքանչյուրի մասնագիտական ներուժը պետք է առաջնահերթ ծառայեցվի հենց այդ նպատակներին:
Փոխարենը, ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերին:
Անընդունելի ենք համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:
Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Այս խնդիրը նրանք կարող են արդյունավետ լուծել միայն արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երևալը (appearance) լիարժեք ապահովելու պայմաններում:
Հ.Գ. ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ամրագրման, մեր գերիների իրավունքների պաշտպանության հարցերում այս օրերին համատեղ սերտ աշխատում ենք իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի (Siranush Sahakyan) ու Արտակ Զեյնալյանի (Artak Zeynalyan), Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan), ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի (Yeghishe Kirakosyan) հետ: Այս հարցերով համագործակցում ենք նաև ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ դատախազության հետ
Նմանատիպ նյութեր
4369 դիտում
16:07 09-12-2016
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ 2-րդ զեկույցը
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ