211652_close_icon
views-count4372 դիտում article-date 16:07 09-12-2016

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ 2-րդ զեկույցը

Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը: ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց: Զեկույցը վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների հրետակոծությանը: Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր և այլն): ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջև հրապարակավ հանձնառել է իրականացնել փաստահավաք առաքելություն` նպատակ ունենանալով մշակել ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց: Փաստահաված առաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի հոդված 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա: Դեռևս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական և տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ և բաց աղբյուրների մշտադիտարկում: Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձին զեկույցով անդրադառնալ մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող հարցի, այն է` Ադրբեջանական զինված ուժերի վարքագիծը իրենց հսկողության ներքո հայտնվածների նկատմամբ: 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution), և մարմինների անարգում: Զեկույցում առանձին ներկայացվում են Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու և նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաև նրանցից նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով: Զեկույցում հիմնավորվում է, որ Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվամբ, կամ նրանց մարմիններն անարգվել են: Ընդ որում, այդ հանցանքները կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով` ապրիլի 2-ին Արցախի կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից: Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը: Զեկույցը հանրությանն է ներկայացվել Արցախի Թալիշ գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Զեկույցն անգերեն լեզվով է և հասանելի է http://ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf հասցեով: Դրա հրապարակային տարբերակում բացակայում են զոհերի անհատական տվյալները, ինչպես նաև դաժանություններ պատկերող լուսանկարներ և տեսանյութեր: Զեկույցի ոչ հրապարակային տարբերակն ունենալու է խիստ սահմանափակ հասանելություն: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր