211652_close_icon
views-count5561 դիտում article-date 13:20 22-11-2020

Գրեթե 13 հազար մարդ մնացել է առանց տուն. ինչ կար Հադրութում, 99 տոկոսով մնացել է այնտեղ. քաղաքապետ

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո։ Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/11/21/%D4%B3%D6%80%D5%A5%D5%A9%D5%A5-13-000-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4-%D5%B4%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80-%D5%80%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4-99-%D5%BF%D5%B8%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%B4%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%B5%D5%B6%D5%BF%D5%A5%D5%B2/1098524?fbclid=IwAR12DAgYgFlMO2EFz_nuZXu6uoGh-K1j71U30dHkZdRq7-kGALJA81U7K68]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։ Հադրութում մինչև պատերազմը բնակվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։ «Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի և բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը ։ Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձո՞վ, թե բարեկամի տանը և այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք և հետ վերադարձնենք տներ»,– ասել է նա։ Սավադյանը տեղեկացրել է, որ գրանցվել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տվյալներ կան, որոնք դեռ չենք լրացրել։ Քաղաքապետն ասել է, որ ինքն այս պահին Երևանում է, վաղը կմեկնի Արցախ՝ հստակեցնի տնից զրկված հադրութցիների բնակության, ապագայի հետ կապված խնդիրները։ «Այս պահին այն ընտանիքները, որոնք ժամանակավոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողության տակ գտնվող մյուս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ և Արցախի Հանրապետությունը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն։ Բայց կոնկրետ մյուս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով հստակ դեռ ոչինչ չկա, երևի մոտ օրերս երեք, չորս օր հետո ավելի հստակ կկարողանանք ասել»,– նշել է նա։ Սավադյանն ասել է, որ դեռ հաշվարկներին չեն արել, վնասի չափը ևս հաշվարկված է միայն մոտավոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարևորը բնակիչների առօրյա խնդիրների մասին հոգ տանելն է։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, գործարանների սեփականատերերին ապամոնտաժման հարցում աջակցելուն, նշեց, որ դա էլ չեն հասցրել իրականացնել. «Անձամբ ես՝ անձնագիրս եմ անգամ թողել այնտեղ, այնպես որ 99 տոկոսով ինչ կար Հադրութում մնացել է այնտեղ»։

Նմանատիպ նյութեր