211652_close_icon
views-count3271 դիտում article-date 21:41 17-11-2020

Փաշինյանը, ունենալով այսպիսի ծանր գծերով գլխավոր շտաբի զեկույց, հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից. Տիգրան Աբրահամյան

ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ստեղծված իրադրության վերաբերյալ հանդես է եկել կոչով, որը բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում։ Առաջին, սա երկրի ռազմաքաղաքական ղեկավարության առաջին ներկայացուցչի փորձն էր՝ պաշտպանելու զինված ուժերին ներքին հարվածներից։ Առաջին հայացքից թվում է, որ այս մոտեցումը պետք է բնական դիտվի, սակայն տեսնելով իշխանական թիմի մեծածավալ հարվածները զինված ուժերին, ուղերձի այս հատվածը կարևորել եմ։ Երկրորդ, իմ տպավորությամբ իշխանությունը նաև խնդիր է դրել՝ որքան հնարավոր է շատ շրջացել հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների խնդիրը։ Այս տեսանկյունից, Օնիկ Գասպարյանն իր տեքստում կարճ անդրադարձել է նաև այս հարցին։ Գեներալ Գասպարյանը միակն է, որ իր վրա պատասխանատվություն է զգում պատերազմի արդյունքի և ստեղծված իրադրության համար, իր ուղերձում նշելով, որ «որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար»: Իհարկե, լինելով երկրի թիվ մեկ զինվորականը Օնիկ Գասպարյանը միանշանակ պատասխանատվության իր մեծ բաժինն ունի, սակայն մեր երկրում, որտեղ վարչապետը ջայլամի քաղաքականություն է վարում՝ փախնելով ցանկացած տիպի պատասխանատվությունից, ստիպված այսպիսի դրույթներն առանձնացնում եմ։ Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշում է, որ դեռևս հունիսի 12-ին, Անվտանգության խորհրդի նիստում, խորհրդի անդամներին, այդ թվում՝ վարչապետին, ներկայացնելով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը տեղեկացրել է Թուրքիայի՝ որպես գործոն ակտիվ ներգրավվելու մասին։ Չնայած նրան, որ դրանից բխող ԳՇ պետի՝ Հայաստանի, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված առաջարկները ընդունվել են, սակայն որքան ես եմ հասկանում ուղերձից, դրանք պատշաճ ընթացք չեն ստացել։ Ի դեպ, դեռ այդ օրերին, Օնիկ Գասպարյանը ԶԳՈՒՇԱՑՐԵԼ է, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն ինչպես արդեն պարզվում է՝ ստեղծված նման իրավիճակում, իշխանությունը այդ օրինագիծը մղել է երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ օրինագիծը չընդունեց։ Հատկանշական է, որ գեներալը հաստատում է այն տեղեկատվությունը, որ պատերազմի սկզբնական փուլում երկրի քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ծանր իրավիճակի մասին, սակայն ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանը չնայած այդ օրերին, սեղանին դրված կարգավորման փաթեթին, անհայտ պայմաններում չի ընդունում։ Այս թեմայի շուրջ գեներալ Գասպարյանն իր ուղերձում նշել է, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Փաշինյանը, ունենալով այսպիսի ծանր գծերով գլխավոր շտաբի զեկույց, հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից, ինչն առաջին հերթին հնարավորություն կտար կանգնեցնելով պատերազմը խուսափել մի քանի հազար զոհերից և տարածքային մեծածավալ կորուստներից։ Հուսով եմ՝ Օնիկ Գասպարյանի ուղերձը կհասնի ճիշտ հասցեատերերին, առաջին հերթին զինված ուժերին, հնարավորություն կտա համախմբել բանակն ու պայքարը շարունակելու հնարավորություն ստեղծել, հատկապես, որ առջևում նորանոր սպառնալիքներ են ուրվագծվում։ Այս պատերազմի հետ կապված դեռևս մեծ հարցադրումներ կան և ես հույս ունեմ, որ ԳՇ-ն ժամանակի ընթացքում դեռ շատ փակագծեր կբացի»:

Նմանատիպ նյութեր