211652_close_icon
views-count2340 դիտում article-date 15:38 12-11-2020

Կոչ ենք անում չծնկել ու չընկճվել, տուրք չտալ դրսից հրահրվող ներքին երկպառակտությանը. «Պահպանողական» և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների հայտարարությունը

Արցախյան 44-օրյա պատերազմի հիմնական շահառուն Ռուսասատանն է, որին հաջողվեց իր զորքերը տեղավորել հարավկովկասյան ևս մեկ հանրապետությունում, ինչի գինը վճարեցին հայ երիտասարդության սերուցքը, Արցախի անկլավայնացումն ու Հայաստանի ինքնիշխանության աստիճանը: 2020թ. պատերազմի սցենարը նույնությամբ կրկնեց 1920 թ. ռուս-թուրքական ագրեսիայի տրամաբանությունը: Որպեսզի վիժեցվի այս պայմանավորվածության գոնե երկրորդ արարը՝ ներպետական քաոս ստեղծելու միջոցով Ալեքսանդրապոլի մի նոր պայմանագրի հասցնելը, այսինքն՝ Հայաստանի պետականության կորուստը, Կառավարությանը և քաղաքական ընդդիմությանը, Զինված ուժերի հրամանատարությանը և, մանավանդ, հերոսական ժողովրդին կոչ ենք անում պահպանել սառնասրտություն, չկատարել դեպի քաոս տանող որևէ գործողություն, ապահովել համազգային համերաշխության մթնոլորտ՝ գոնե ժամանակավորապես հրաժարվելով սև-սպիտակի, նախկին-ներկայի, մեղավոր-անմեղի բաժանումները: Լեգիտիմության պաշարը կորցրած իշխող ուժից հաստատակամորեն պահանջում ենք անհապաղ գումարել ԱԺ նիստ և հայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրությունների կոնկրետ օր: Վտանգված է Հայոց պետականությունը: Վստահ լինենք, որ օրավուր տկարացող Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները չեն կարող երկարաժամկետ լինել, առավել ևս՝ հանդուրժվել քաղաքակիրթ աշխարհի կողմից: Զինադադարի այս ընթացքը պետք է լիարժեքորեն օգտագործվի տարածաշրջանային գալիք պատերազմում հոգեբանորեն, տնտեսությամբ, զինվածությամբ, սեփական առաքելության հստակ արձանագրմամբ, նոր չափումների աշխարհին ներդաշնակությամբ և դաշնակիցների հզոր բանակով շահեկան ելք ապահովելու համար: Արցախի Հանրապետության, Նախիջևանի և բռնակցված այլ տարածքների վերջնական ազատագրման ժամը հեռու չէ: Կա քարերը շպրտելու և հավաքելու ժամանակը: Պարտությունը կայանում է այն ժամանակ, երբ մտքիդ ու հոգուդ մեջ ես պարտվել, իսկ մենք տանուլ ենք տվել ընդամենը ճակատամարտը: Հողի կորուստն անդարձ կորուստ չէ, Մարդու և Պետականության կորուստն է անդարձ: Կոչ ենք անում չծնկել ու չընկճվել, տուրք չտալ դրսից հրահրվող ներքին երկպառակտությանը, չնպաստել պետական ենթակառուցվածքների կազմալուծմանը, պահպանել զգոնությունն ու պատերազմի օրերին կոփված Ոգին, համազգային ամբողջ ներուժն օգտագործել Պետականությանը սպառնացող ամենաիրական վտանգի չեզոքացմանը: [b] Միքայէլ Հայրապետեան /ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Պետրոս Մակեյան /«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր