211652_close_icon
views-count14008 դիտում article-date 22:10 10-11-2020

Այս աղետում մեղավոր է մոտ 200 հոգի, որոնց պարագլուխները պետք է ցմահ դատվեն, իսկ մնացածը՝ խայտառակվեն․ եթե չունենանք մեր ներքին «դատարանը», այլևս երբեք չենք բարձրանալու․ Միքայել Մինասյան

Այս աղետում մեղավոր է մոտ 200 հոգի, որոնց պարագլուխները պետք է ցմահ դատվեն, իսկ մնացածը՝ խայտառակվեն, այնպես, որ իրենց տգիտությունից, վախից կամ շահից ելնելով Հայաստան չքանդեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ««Երկիր աղետյալ». ինչ եղավ և ով է մեղավոր այս դժոխքի համար» վերտառությամբ գրառման մեջ նշել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ ««Երկիր աղետյալ». ինչ եղավ և ով է մեղավոր այս դժոխքի համար Դադիվանքի դատարավարության սպասումով Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան և խայտառակ օրերը։ 1920-ից ի վեր մեր ժողովուրդը երբե՛ք, կրկնում եմ՝ երբե՛ք չէր պարտվել։ Երբե՛ք թուրքին հող չէր հանձնել։ Կոտորվել էր, նահատակվել, ենթարկվել ցեղասպանության՝ Բաքվում և Սումգայիթում, բայց երբե՛ք հող չէր հանձնել։ Երեկ Նիկոլը հանձնեց 7 շրջան, Արցախի տարածքի մի մասը՝ Շուշիով և Հադրութով, թողեց Արցախն առանց կարգավիճակի, իսկ արցախցիներին՝ անտեր ու անտուն։ Նա հանձնեց 30 տարվա մեր հերոսների թափված արյունը, պատմությունը, հայկական գյուղերն ու քաղաքները, Ղազանչեցոցն ու Դադիվանքը։ Ինչպես ստացվեց, որ հասանք այստեղ՝ այս աղետին։ Երկրում պատերազմ է, համավարակ, տնտեսական ճգնաժամ, ահռելի քանակի զոհեր, պետական գրաքննություն, իշխանության վակուում և նիկոլական չնահանջող ստեր ու ագրեսիա։ Ցանկն՝ անվերջ շարունակելի, բայց կա մի անուրանալի իրողություն. 2018-ից այս կողմ Հայաստանը չունի ոչ մի հաջողություն, չի գրանցել ոչ մի շոշափելի ձեռքբերում՝ միայն կենաց-ելույթներ, ներքին անհաշտ կռիվ և մեղավորների անվերջ փնտրտուք։ Այս ամեն ինչը գիտեին բոլորը, հետևանքների մասին զգուշացնում էին շատերը, բայց այս գեհենը շարունակվեց ու բերեց մեզ հասցրեց շատ սպասելի, կանխատեսելի ու տրամաբանական հանգրվանի՝ դժոխքի դռան։ Իշխանությունը տապալել է ամեն ինչ՝ կորոնովիրուսի դեմ պայքարից մինչև պատերազմ, ապաշնորհ դիվանագիտությունից մինչև զրոյական ներդրումներ, բայց, միևնույն է, դե՛ռ հույս ունի չոր դուրս գալ այս իրավիճակից։ Նիկոլ Փաշինյանը բունկերից դե՛ռ սպառնում է։ Դե՛ռ մեղավորներ է նշանակում։ Իշխանական ֆեյքերը կեղծ հաղորդագրություններով մեղավորներ են կարգում։ Եվ կա հասարակության մի մաս, որը նախընտրում է ապրել ՑանցաՀայաստանում և դեռ ներում ու պաշտպանում է այս իշխանությանը։ Հասկանալի է, որ պաշտպանելով Նիկոլին, հասարակությունը պաշտպանում է իր ընտրությունը, ինքն իրեն։ Որովհետև հակառակ դեպքում պիտի ընդունի, որ սխալվել է, որ խաբվել է և մեղավոր է այս աղետի համար։ Այդ պատճառով կախվում է Նիկոլի ամեն մի խոսքից, նիկոլականների ամեն մի ցանցային գրառումից։ Նույնիսկ հիմա, երբ փաստացի կորցրել ենք հայրենիքի մի մասը։ Ինքն իրեն հույս է տալիս։ Ինքն իրեն խաբում է՝ չցանկանալով առերեսվել իրականությանը։ Մեղադրում է նախկիններին, տարածում ակնհայտ կեղծ տեսագրություններ, սփոփում իրեն, թե կարող էր ավելի վատ լինել (չհասկանալով, որ սրանից վատ նույնիսկ տեսականորեն չկա), չի ցանկանում կարդալ դավաճանական փաստաթուղթը, չի պատկերացնում, թե ինչ ենք կորցնում, չի ընկալում, որ նման փաստաթղթի չէինք հասնի, եթե Նիկոլը չլիներ այս աստիճան անմեղունակ։ Նույնիսկ իշխանության ներսում տեղյակ չեն եղել փաստաթղթից։ Ցանցահայաստանում համատարած կուրություն է և ամենամեծ դժբախտությունն այն է, որ եթե կույր չլինեին, գուցե տեսնեին վերահաս վտանգը, գուցե զգային ավելի շուտ։ Բայց Ցանցահայաստանը ոչ միայն չի տեսել, այլ չի ցանկանում բացել աչքերը հիմա։ Հիմա, երբ կա փաստաթուղթ և այն ստորագրած դավաճան։ Այդ ընթացքում մեր զավակները զոհվեցին, մեր ծնողները շնչահեղձ են լինում տանը թոքաբորբից, իսկ աշխատավայրերը չբացվեցին, փակվում են ու փակվելու են։ 2016-ի ապրիլյան պատերազմի հաղթանակը թողեցինք որ մեզ համոզեն, թե պարտություն էր։ Հիմա, կարծում եմ, գիտենք, թե ո՛րն է իրական պարտությունը։ Ինչպես սա պատահեց։ Ինչպես դարձանք երկիր աղետյալ։ Փորձենք հասկանալ ու գտնել որտեղից ամեն ինչ սկսեց սխալ գնալ։ Այս ամենի նախաբանը և մեծ խեղումը սկսվեց տարիներ առաջ, երբ Ֆեյսբուքահայաստանը ահաբեկիչներին որակեց ապստամբներ, տեռորիստական ակտը՝ հերոսություն, իսկ զոհված 3 ոստիկանին՝ «ռեժիմի սպասարկուներ»։ Նրանք որոշեցին, որ մարդասպանությունը «ապստամբության անցանկալի հետևանք է», պետության կողքին լինելը՝ դավաճանություն, պետության դեմ լինելը՝ հերոսություն։ Իրականության, տրամաբանության, բոլոր տիպի օրենքների չեղարկման հիմքը դրված էր։ Ու դժոխքը սկսվեց։ Մաս 1. Իրականության մերժում Հետո եղավ 2018-ի ապրիլ-մայիսը և ՑանցաՀայաստանի ժողովուրդը «ազատագրվեց»։ Ավելի ուշ այս բառը ամենից հաճախ կհնչի և ամենից շատ կգործածվի, որովհետև կպարզվի, որ այն հանգուցային բառ էր։ Իրականում Նիկոլը ՑանցաՀայաստանի ժողովրդին ազատագրեց պատասխանատվության զգացումից` խոսքի ու գործի համար։ Դարձրեց իր պես։ Դարձրեց Երկիր-«Հայկական ժամանակ»։ Ավելին, ՑանցաՀայաստանի ժողովուրդը սկսեց չվախենալ անպատասխանատվության հետևանքներից։ Մենք հայտնվեցինք ազատ ճախրանքում, որն ընդամենը 2.5 տարի անց դառնալու էր ազատ անկում։ Բայց մինչև այդ, Նիկոլի տված ազատության շնորհիվ մենք մերժում էինք աշխարհաքաղաքականությունը։ Հավաքական ցանկությունն ավելի կարևոր էր, քան անմեղության կանխավարկածը, էյֆորիան պահպանելը գերակա էր իրական գործից, լավ ճառ ասողը՝ պրոֆեսիոնալից, հավատարիմը՝ տեխնոկրատ գործ անողից, լավ ստատուսը՝ ճիշտ նշանակումից։ Դա Նիկոլի արածը չէ։ Դա Նիկոլի կառավարման ժամանակ հանրային հավաքական որակն է՝ նիկոլիզմը։ Նիկոլիզմը հանրային դժգոհության և պետության մերժման քաղաքականությունն էր՝ համեմված անպատասխանատվությամբ և անհեռատեսությամբ։ Ու կարևոր չէ, որ այդ ընթացքում, ով խոսում էր՝ լռեցնում էին, ով մտահոգություն էր հայտնում՝ պիտակավորում էին։ Ցանցահայությունը մերժում էր բոլորին, ու առաջին հերթին իրականությունը։ Արցախի պատերազմը ուներ նաև մեկ այլ ճակատ։ Այնտեղ ֆեյսբուքահայաստանի ճակատամարտն էր ընդդեմ իրականության։ Իսկ այն սկսվեց դեռ կորոնավիրուսի ժամանակ։ Մահերի ու վարակվածների թվով համաշխարհային տասնյակում հայտնված երկրում իշխանությունը մարսեց ու մարսում էր իր ապաշնորհ կառավարումը։ Մենք պատերազմեցինք 44 օր։ 44 օր շարունակ և մինչև Նիկոլի դավաճանական ստորագրությունը ՑանցաՀայաստանը դեռ կռիվ էր տալիս իրականության դեմ։ Դեռ քննարկում էր՝ Շահումյանի ու Գետաշենի ազատագրումը և նոր հեշթեգերի դիզայնը։ Ցանցային Հայաստանը ցանկանում էր լսել մեկ ԱԹՍ-ի խոցման մասին և բացարձակապես հրաժարվում էր ընկալել մի ամբողջ երկիր հանձնելու փաստը, նույնիսկ եթե դա ասվում էր քարտեզով։ Մարտերը Շուշիում էին և որևէ մեկը չէր ցանկանում ինքն իրեն հարց տալ՝ ինչպե՞ս ադրբեջանցիները հասան Շուշի։ Ցանցային Հայաստանը կարոտ էր ոչ թե հաղթանակի, այլ հաղթական ստատուսի։ Ցանցային Հայաստանը ցանկանում էր ոչ թե հաղթանակ, այլ հաղթանակի հեշթեգի առաջխաղացում Թվիթերում։ Ցանցային Հայաստանը ցանկանում էր կիսվել զինվորների լուսանկարներով, և չնկատել հարյուրավոր սպանված զինվորների ցուցակները։ Ցանցային Հայաստանում մահ չկա։ Մահացածները ինստագրամի նկարներն են և ոչ մեկին հետաքրքիր չի թշնամու մոտ եղած դիերը, գաղտնի պահվող զոհերի իրական թիվը և դիահերձարանների դիմաց հերթապահող խելագարված ծնողները։ Ցանցային Հայաստանում Ֆրեզնոյում ճանապարհ փակելը, կամ Նյու-Յորքում Բրուքլինի կամուրջը 20 րոպեով փակելը ստվերեց Ջեբրաիլի հանձնումը։ Ցանցային Հայաստանում բոլորը ժինգյալով հաց են գնում, և համառորեն չեն նկատում պետության կողմից անտերության մատնված արցախցիներին՝ Երևանում ու մարզերում։ Ցանցային Հայաստանում մենք հպարտանում ենք Եվրոպայից ու Ամերիկայից ստատուս գրողներով և չենք նկատում դեսպանների ու դիվանագիտական կորպուսի մեծ մասի ամլությունը։ Ցանցային Հայաստանը հաղթեց իրական Հայաստանին։ Ու տանուլ տվեց պատերազմը, կորցրեց հայրենիքի մի մասը, իսկ հիմա վտանգում է պետության գոյությունը։ Ցանցային Հայաստանը ոչնչացրեց 100 տարի ստեղված մեր հայրենիքը։ Մեկ քլիքով։ Մեկ ստատուսով։ Մաս 2. Հպարտ պարտություն Այս ամենը հնարավոր դարձավ նաև Նիկոլի մի շատ կարևոր՝ առաջին հայացքից չերևացող, գծի պատճառով։ Նիկոլն ու իր կինը հետևողականորեն կոտրում էին արցախյան հաղթանակը։ Որովհետև պարզվեց՝ այդ հաղթանակը, որ թվում էր անբեկանելի իրողություն է, տեր չունի, անտեր է։ Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ իշխանության եկավ ոչ Ղարաբաղի պատճառով, ոչ դրա ազգային ազատագրական շարժման, ոչ պատերազմի, ոչ այն պահելու խոստումով։ Ընդհակառակը, իր իշխանությամբ նա պարտական չէր Արցախին ու ոչ էլ հաղթանակին։ Հետևաբար վարվեց դրա հետ ինչպես ուզեց։ Նա հաղթանակի հերոսներին հետևողականորեն վարկաբեկեց, 2018-ի ապրիլի իշխանափոխությունը ավելի կարևոր համարեց, 2016-ի ապրիլի մահերը՝ անիմաստ, իսկ հաղթանակը՝ քննության առարկա դարձած «պարտություն»։ Եվ ամենակարևորը նա շրջանառության մեջ դրեց ոչնչով չհիմնավորված, կենացի մակարդակի կարգախոս, թե մեծ հաղթանակները դեռ առջևում են՝ նսեմացնելով այն, ինչ եղել էր, դարձնելով արցախյան հաղթանակը երկրորդական, անկարևոր ու ժամկետանց։ Ի դեպ, դա արեց այս պատերազմը սկսվելուց ընդամենը ժամեր առաջ։ Մաս 3. Ինչ անել. Դադիվանքի դատարան 2018 թվականից մենք փախչում ենք իրականությունից։ Անդադար։ Մի ծաղրածուին փոխում ենք մյուսով, չենք նկատում վտանգները, մոռանում ենք հետևանքների մասին։ Փորձում ենք հավատալ բոլորին՝ չհարցնելով, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ շահ ունեն, և ինչ անցյալ։ Ընդամեն մեկ օրում հերոսացնում ենք կամ մեկ օրում ոչնչացնում։ Այսօր մենք ծնկած ենք։ Ավելի վատ չի լինում։ Եվ հիմա մեր պատմության մեջ առաջին անգամ պետք է ապացուցենք, որ մենք պետք է պետություն ունենանք ոչ թե որովհետև հին ենք, եկվոր չենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք կամ 5000 տարվա պատմություն ունենք։ Մենք պետք է ապացուցենք, որ որպես ժամանակակից հասարակություն ի վիճակի ենք լինել սթափ, ընդունել մեր սխալները, շտկել դրանք, կառուցել ոչ թե հիվանդագին, այլ առողջ արժեհամակարգով պետություն։ Իսկ դա անելու համար անհրաժեշտ է. Քայլ 1. Ընդունել իրականությունը: Ոչ թե այն իրականությունը, որը մեզ ասում են, հարմար է, հոգեպես հարմարավետ, այլ փաստացի։ Որ հավատացել ենք ու խաբվել, որ մանիպուլացվել ենք, հետևել ենք մարդկանց, որոնք մեր զավակների ուղարկել են նահատակվելու, ոչ թե կռվելու։ Իսկ հիմա մեղավորությունից խուսանավելու համար գործի է դրվում ամբողջ իռացիոնալ արսենալը՝ 30 տարվա թալանի լեգենդից մինչև «մենք կանխեցինք երկրորդ ցեղասպանությունը»։ Քայլ 2. Ընդունել, որ բոլորս մեղավոր ենք։ Որովհետև, եթե Ցանցահայաստանի գոնե որոշ մասը դեռ պաշտպանում է Նիկոլին, շարունակում նրա պոպուլիստական խաղը, ուրեմն չի ընդունել իր մեղքը։ Նրանք, ովքեր ասում են, որ «փրկվեցինք 2-րդ ցեղասպանությունից», «ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի հարձակմանն անհնար էր դիմակայել», «մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում», «ծնկած ենք, բայց ողջ ենք», «պահենք Նիկոլին, որ ռոբասերժականները չվերադառնան», «հողերը վաղուց էին հանձնել»,- ահա այս բոլորը ասողները իրենց մեղքը չեն ընդունել։ Որովհետև դա ամենածանրն է՝ ընդունել մեղքը, իսկ չընդունելու դեպքում էլ շարունակում ես մեղքերի շղթան։ Մարդիկ վախենում են ընդունել իրենց մեղքը։ Ու դա գիտի Նիկոլը։ Նրա ամենամեծ զենքը մարդկանց վախն է մեղքի ու իրականության ընդունումից։ Ու Նիկոլը հենց հիմա մարդկանց ստիպում է մինչև վերջ չընդունել ո՛չ իրենց մեղավորությունը, ո՛չ էլ իրականությունը։ Քայլ 3. Եվ առաջին անգամ կազմակերպել մեր ներքին, համահայկական՝ դատավարությունը։ Այն պետք է կոչել Դադիվանքի դատավարություն։ Դադիվանքը մեր ցավոտ և, իմ խորին համոզմամբ, ժամանակավոր կորուստների խորհրդանիշն է։ Նիկոլը հանձնեց Դադիվանքը, որը մինչև 1990 թվական գոմ էր, իսկ մինչև Նիկոլի դավաճանությունը՝ գործող եկեղեցի։ Նիկոլը այն հանձնեց Դադե առաքյալի շիրիմով։ Դադիվանքը մեր կորցրած հայրենիքի խորհրդանիշն է՝ վերագտած ու կորցված վանքը։ Ու դրա համար պետք է մեղավորները պատժվեն։ Այս ամենում իրականում մեղավոր են մոտ 200 հոգի՝ ԱԺ պատգամավորներ, ռեժիմի մաս կազմող որոշ քննիչներ ու դատավորներ, ցանցային օտարերկրյա գործակալներ, վարձկան ակտիվիստներ, ծախված մտավորականներ։ Բոլորը ցուցակագրված են։ Նրանց հերթով պետք է դատել՝ քրեական հետապնդմամբ՝ օրենքները խախտելու համար մինչև պատերազմը, իսկ պատերազմի հանցագործներին՝ ռազմական դատարանով։ ՊՆ այն աշխատակիցներին, ովքեր ստում էին և թուլացնում հասարակության զգոնությունը՝ պատերազմի կորուստների և հասարակության ուշադրությունը թուլացնելու համար, Հայաստանի և Արցախի պաշտոնյաներին՝ իրականությունը ձևախեղելու և հազարավոր զոհերի համար։ Դադիվանքի «դատարանում» դատվելու են գրանտակեր վիժվածքները, որոնք քանդեցին երկրի իմունային համակարգը, այն տականքը, որ գրավել էր Մայր աթոռը, «Դուխով» գլխարկով տերտերը, ֆեյքերն ու նրանց ղեկավարները և շատ ուրիշներ։ 200-ից 50-ը պետք է համահայկական այդ դատավարությանը ստանա արժանի պատիժ և դատապարտվի երկարատև ազատազրկման։ Պարագլուխները պետք է դատվեն ցմահ՝ առանց ներման իրավունքի, պետական դավաճանության համար։ Իսկ մնացած 200-ը պետք է խայտառակվեն, այնպես, որ իրենց տգիտությունից, վախից կամ շահից ելնելով Հայաստան չքանդեն։ Եթե մենք չունենանք մեր ներքին «դատարանը», այլևս երբեք չենք բարձրանալու։ Դա պետք է անենք, մեղավորներին պատժենք ու գիծ քաշենք, փակելով անցյալը, կառուցենք ապագան։ Եվ դրան զուգահեռ պետք է վերանայենք մեր անցյալը։ Պետք է շարադրենք ոչ թե էպոս, այլ պատմություն, որտեղ կլինեն նաև մեր սխալները։ Մենք բոլորս գիտենք ովքեր են կազմակերպել հայոց ցեղասպանությունը։ Դպրոցից սկսած գիտենք ովքեր էին Թալեաթը, Էնվերն ու մնացած երիտթուրքերը։ Մենք գիտենք սողոմոնթեյլերյաններին, որոնք լուծեցին մեր վրեժը։ Բայց մենք պետք է սկսենք սովորել և երբեք չմոռանանք նաև այն հայերի անունները, ովքեր թույլ տվեցին հայոց ցեղասպանությունը, նրանց անունները, որոնց պատճառով ընկավ Անին ու Կարսը։ Մենք պետք է իմանանք նրանց, ում պատճառով Սան Ստեֆանոյի պայմանագիրը դարձավ այն, ինչ դարձավ և ով բերեց հասցրեց Ալեքսանդրապոլի պայմանագրին, և ով հանձնեց Արցախը։ Մենք պետք է իմանանք ու միշտ հիշենք մեր ազգի դավաճաններին, տականքների ու ապուշներին։ Մենք պետք է հասկանանք՝ որտեղ սխալվեցինք, հասկանանք մեր սխալները, ընդունենք դրանք ու մեր սխալների վրա սովորենք։ Որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնենք։ Եվ միայն դրանից հետո կարող ենք ապրել։ Եկել է ցավոտ իրականությանը առերեսվելու ժամանակը։ Սա մեր ճշմարտության պահն է։ Հավատացնում եմ, որ ամեն ինչ շտկելու ենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Երկիր աղետյալ». ինչ եղավ և ով է մեղավոր այս դժոխքի համար Դադիվանքի դատավարության սպասումով Ներկայում հայ ժողովուրդն...

Опубликовано Mikayel Minasyan Вторник, 10 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր