211652_close_icon
views-count8165 դիտում article-date 08:51 28-10-2020

Ինչ սպասել Ժնևյան հանդիպումից. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբերի 29-ին Ժնևում կընթանան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Կողմերի դիրքորոշումները մնում են տարբեր, ներառյալ ՄԽ ձևաչափի հարցում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5638437.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հիասթափություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի չպահպանման փաստի կապակցությամբ: Միչիգան մեկնելու ճանապարհին նախագահը պատասխանել է ԼՂ-ում զինադադարի խախտման մասին լրագրողի հարցին: Նա հույս է հատնել, որ ամեն ինչ ի վերջո կկարգավորվի՝ ընդգծելով, որ հակամարտությունը տևում է արդեն երկար տարիներ: Չնայած դրան, սակայն, Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցմանը հասնելու ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ իր ունեցած հեռախոսազրույցների մասին: Պետքարտուղարը հայտնել է, որ ճնշում է գործադրել երկրների առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հավատարիմ մնան ռազմական գործողությունները դադարեցնելու և ԼՂ հակամարտության դիվանագիտորեն կարգավորելու իրենց ստանձնած պարտավորություններին: «Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքի»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը: Հիշեցնենք, որ վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղարի՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախծարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումնները հանգեցրեցին նրան, որ կողմերը համաձայնվեցին պահպանել հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հայտարարված մարդասիրական հրադադարը: Դրանից հետո, սակայն, ռազմական գործողությունները շարունակվեցին, որի հետևանքով հայկական կողմը հայտնեց տարածքային կորուստների մասին: «Շատ ցավալի է, որ կրակի դադարեցման իրար հաջորդող երեք այս փորձերը ձախողվեցին: Դա, անկեղծ ասած, լավ չի խոսում հատկապես այն կողմի մասին, որը, ինչպես կարծում եմ, բոլորս գիտենք, որ հետապնդում է ռազմական գործողությունների, այլ ոչ թե դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու նպատակ»,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ-ը նախկին դեսպան Ջոն Էվանսը: Հրադադարի հաստատման պայմաններից է վերադարձն առարկայական բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Դրա մասին է հիշեցնում նաև ԱՄՆ պետքարտուղարության հոկտեմբերի 27- ի տարածած հայտարարությունը պետքարտուղարի հեռախոսազրուցների մասին: Մինսկի խմբի բանակցային ձևաչափն աջակցում են նաև մյուս երկու համանախագահողները՝ Ֆրանսիան և ՌԴ-ը: Երևանը ևս շարունակում է Մինսկի խումբը դիտարկել խաղաղ բանակցային գործընթացի միակ հարթակ: «ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցում: Իր հերթին Ադրբեջանի նախագահ Ալիևն իր վերապահումներն ունի Մինսկի խմբի ձևաչափի հարցում: Նրա կարծիքով համանախագահների գործունեությունը ուղղված էր հակամարտության սառեցմանը, այլ ոչ կարգավորմանը: «Համանախագահների ինստիտուտի ձևավորումից հետո Մինսկի խումբը ոչ մի արդյունք չտվեց, քանի որ համանախագահները մենաշնորհեցին դրա գործունեությունը»,- ասել է Ալիևը հոկտեմբերի 26-ին Rai 1 TV-ին տված հարցազրույցում: Ալիևի այս մոտեցումը խրախուսում է Թուրքիան, որը բազմիցս իր դժգուհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ՝ այն հաճախ ներկայացնելով որպես սպառված կամ անարդյունավետ ձևաչափ: «Որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերն արդյունք տան, անհրաժեշտ են նպատակաուղղված բանակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային օրենքների համաձայն, որոնք ուղղված են կայուն խաղաղությանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյը: Վերլուծաբաների կարծիքով, սակայն, խնդրի կարգավորման և խաղաղության բացակայությունը կապված է հակամարտության կողմերի, այլ ոչ թե մնիջազգային միջնորդների հետ: «Միջնորդների մեղքը չէ, որ խաղաղություն չի հաստատվել: Դա կապված է հենց երկու կողմերի դիրքրոշումների հետ, որոնց մոտ փոխզիջման գնալու պատրաստակամությունն իսպառ բացակայում էր»,- ասել է Էվանսը: «ԵԱՀԿ Մինսկի Խումբը չի կարող պարտադրել կրակի դադարեցում կողմերին: Իրական հրադադար հաստատելու ու խաղաղ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է, որ կողմերը համաձայնվեն պայմանների շուրջ և հասնեն դրան»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթը: Հոկտեմբերի 29-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում: Ջոն Հերբսթի կարծիքով այս հանդիպումը դժվար թե հանգեցնի իրական ու կայուն հրադադարի:

Նմանատիպ նյութեր