2320 դիտում
22:52 17-10-2020
Նորայր Նորիկյան. Մի քանի նկատառումներ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի և Արցախի Հանրապետության հիմնադրման իրավական հիմքերի ու միջազգային ճանաչման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի լուծման վրա, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Այս սկզբունքի մասին առաջին անգամ խոսել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2016թ. մայիսի 6-ին իր հրապարակած ՛՛Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ՛՛ հայտնի հոդվածում՝ արձանագրելով, որ ՛՛Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մի այլ կռվան։
Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետեւյալն է։
Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։
Հարգանքով հանդերձ առաջարկվող դոկտրինը որպես հարցի լուծման միջոց առաջ մղելու հանգամանքի նկատմամբ, այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ դժբախտաբար, միջազգային իրավունքում նման սահմանումը դեռևս չի ամրապնդել իր դիրքերը: Այո՛, նշված դոկտրինի վերաբերյալ կան առանձին գիտական հոդվածներ, բայց պատկերավոր ասած, աշխարհն այն դեռևս չի ճանաչում որպես հակամարտությունները կարգավորող սկզբունք:
Արցախի հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության համար ներկայումս ընդունելի են հետևյալ երեք հայտնի սկզբունքները՝ Ինքնորոշման, Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, Տարածքային ամբողջականության: Հայաստանի համար այս երեք սկզբունքներն էլ ընդունելի են, քանի որ, Արցախի հիմնահարցն ի սկզբանե հանդիսացել է ինքնորոշման խնդիր, հայկական կողմը մշտապես կողմնակից է եղել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը ստորև բերվող փաստերի ու հիմնավորումների համատեքստում կիրառելի չէ Ադրբեջան-Արցախ հակամարտության դեպքում: Արցախյան հիմնահարցն ինքնորոշման պայքար է, որին հասնելու ճանապարհն իր մեջ ներառել է երկու սեգմենտ՝ իրավական ու ռազմաքաղաքական:
Հարկ եմ համարում ընդգծել, որ իրավական տեսանկյունից Արցախի ինքնորոշման գործընթացը պարզապես անթերի է: Բարեբախտաբար Արցախի Հանրապետության հռչակման ու կայացման գործընթացի ժամանակ հայկական կողմը պահպանել է տվյալ ժամանակահատվածի օրենսդրության տառն ու ոգին՝ անգամ իրավական տեսանկյունից անխոցելի դարձնելով արցախահայության ինքնորոշման իրավունքի համար սկսված պայքարը:
Հետխորհրդային տարածքում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բռնկված հակամարտությունը այլ հակամարտություններից տարբերվել է նրանով, որ ամբողջապես իրականացվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այսպես. 1918-20թթ. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության հետ հավասար իրավունքներով ունեցել է դե ֆակտո անկախ կարգավիճակ, սակայն 1921թ. հուլիսի 5-ին բռնի կերպով միացվել է Ադրբեջանական Սովետական Հանրապետությանը ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ, որը չի ունեցել քաղաքական և տարածքային հարցեր լուծելու իրավասություն:
1923թ. հուլիսի 7-ին հռչակվել է ԼՂԻՄ-ը, որի պետական կարգավիճակը, միութենական պայմանագրի համաձայն, ամրագրվել է ԽՍՀՄ Սահմանադրությունում: ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հիմքում դրվել են հետևյալ առանցքային փաստարկները. ՛՛ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու խնդրի լուծման կարգի մասին՛՛ օրենքի 3-րդ հոդվածի (Ընդունվել է 1990թ. ապրիլ ամսին) միութենական հանրապետության ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները իրավունք ունեին առանձին հանրաքվեով ինքնուրույն որոշել իրենց հետագա կարգավիճակը:
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել է իր անկախությունը, նույն թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանի հետ միասին, հռչակել է իրեն Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների վերահսկողության ներքո անցկացվել է անկախության հանրաքվե: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արտահայտել է իր ինքնորոշման իրավունքը այն տարածքների նկատմամբ, որոնք երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի իրավասության տակ, իսկ խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանը չուներ փաստացի վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղը չի առանձնացել արդեն գոյություն ունեցող անկախ պետությունից և երբեք չի եղել հետխորհրդային Ադրբեջանի Հանրապետության մասը: 1991թ. ԽՍՀՄ վերացման պահին նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի նորմերի համապատասխան, ստեղծվել են 2 անկախ եւ իրավահավասար պետություններ` ԼՂՀ-ն եւ Ադրբեջանական Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, տարածքի եւ իշխանությունների ենթակայությունը Ադրբեջանին դադարել է օրինական ճանապարհով, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաղթահարել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, կիրառելի էր բացառապես Ադրբեջանական ԽՍՀ նկատմամբ:
Իրագործելով վերը թվարկված գործողությունները՝ 1992թ. հունվարին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը կազմավորել է Կառավարություն եւ առաջարկով դիմել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել ԼՂՀ անկախությունը:
Վերը նշվածը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ Արցախի Հանրապետության հռչակումը, ինչպես նաեւ դրանից բխող բոլոր իրավական ակտերը հակասության մեջ չեն գտնվել Ադրբեջանի՝ որպես անկախ պետության հռչակման հետ, չեն սահմանափակել այդ երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը և չեն խախտել նրա տարածքային ամբողջականությունը:
Այս լույսի ներքո «Անջատում հանուն փրկության» սկզբունքի առաջին պլան մղելը միջազգային հանրության մոտ կարող է արմատավորել այն մտայնությունը, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս և հիմա փորձ է անում անջատվել՝ փրկվելու համար: Մտավախություն ունեմ, որ այս դեպքում կվտանգենք ինքնորոշման գործընթացի անցած ողջ ճանապարհը, որովհետև ակնհայտ է, որ Արցախն Ադրբեջանից չի անջատվել, այլ, որպես պետական կազմավորում՝ օգտվել է այն ժամանակվա օրենսդրությամբ իրեն վերապահված ինքնորոշման իրավունքից և այն իրացրել անթերի:
Ուստի, ստեղծված իրավիճակը հարկադրում է մի կողմից ռազմական ճանապարհով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել պատերազմը, մյուս կողմից՝ ձեռնարկել դիվանագիտական ու քաղաքական ողջամիտ քայլեր՝ Արցախի միջազգային ճանաչման համար, քանզի ակնհայտ է, որ միայն միջազգային ճանաչման միջոցով է հնարավոր լինելու ապահովել արցախահայության իր հայրենիքում անվտանգ ապրելու հնարավորությունը: Այս իրավիճակում մենք պետք է աշխարհին հասկացնենք մի պարզ ճշմարտություն. ՛՛Հայ ժողովուրդը մեկ անգամ ապրել է ցեղասպանություն, երկրորդ ցեղասպանությունը չի հանդուրժելու՛՛:
Նորայր Նորիկյան ՛՛ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ՛՛ հանրային նախաձեռնության անդամ
Նմանատիպ նյութեր
25031 դիտում
19:40 16-10-2020
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
400 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
541 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
439 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը