5795 դիտում
13:48 16-10-2020
Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավորապես կարգելվի. Նոր նախագիծ
Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:
ՆԱԽԱԳԻԾ
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը համաձայն Հավելվածի:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամանակավոր արգելքի մասին:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և գործում է վեց ամիս ժամկետով:
* Հավելվածի հղումը մեկնաբանություններում
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ
Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում Թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:
Հարկ է նաև ընդգծել, որ մեր տնտեսավարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:
Միաժամանակ հայտնում եմ, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է:
2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն.ԱՄՆ դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։
2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ։
Հարկ է ընդգծել նաև, որ համաձայն ՛՛Եվրասիական տնտեսական միության մասին՛՛ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։ Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3595 դիտում
23:16 26-06-2021
Նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը․ Վարոս Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2622 դիտում
17:14 21-10-2020
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
21888 դիտում
17:08 18-01-2018
Ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը