211652_close_icon
views-count3842 դիտում article-date 14:12 07-10-2020

Վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ. Տիգրան Ավինյանը ահազանգում է և կոչ անում

Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Իսկ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը։ Չափազանց մեծ մտահոգությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար: Արդյունքում, ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման: Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է աշխատում են 24/7 ռեժիմով՝ գերնպատակ ունենալով լավագույնս սպասարկել յուրաքանչյուր պացիենտի։ Հետևաբար, եթե ցանկանում ենք, որ՝ -Մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորներն ու քաղաքացիները ստանան լավագույն բուժսպասարկումը, -Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ ծառայություն, -Տնտեսությունը շարունակի գործել՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ, ապա անհրաժեշտ է անել ամեն ինչ չվարակվելու համար, այն է՝ սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին, որոնք, վստահաբար, բոլորս գիտենք։ Հետևաբար, խնդրում, հորդորում ու պահանջում եմ լինել ծայրահեղ զգոն և ուշադիր, շարունակել կրել դիմակ, պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը և զերծ մնալ անհարկի շփումներից: Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին, Կանխե՛նք հիվանդության տարածումը, Ամուր պահե՛նք մեր թիկունքը, Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր