«Կառավարե՛ք ձեր հույզերը». Ուկրաինայի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂ հարցով «հավասարակշռված» մեկնաբանություններ անել. Tert.am
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան երկրի պաշտոնյաներին կոչ է արել հավասարակշռված մեկնաբանություններ անել հայ-ադրբեջանկան հակամարտության վերաբերյալ, որպեսզի այդ մեկնաբանությունները համընկնեն այս հարցում Կիևի պաշտոնական դիրքորոշման հետ, այլ ոչ թե թշնամանք սադրեն, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/03/kuleba/3412855]Tert.am[/url]-ը:
«Կարճ ասած՝ կառավարե՛ք ձեր հույզերը և մի՛ խաղացեք այլոց հույզերի հետ»,-գրել է նախարարն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Նա անդրադարձել է Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:
«Պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան կցանկանայի ասել հետևյալ. «Յուրաքանչյուր պատգամավոր կարող է ցանկացած հարցով իր դիրքորոշումը կամ կարծիքը հայտնել, սակայն այլ պետություններին օգնության տրամադրման հարցը կառավարության և երկրի նախագահի լիազորությունների շրջանակում է»»,-գրել է Կուլեբան:
Նա դիմել է Ուկրաինայի հայկական և ադրբեջանական համայնքներին՝ կոչ անելով չտրվել սադրանքներին: