211652_close_icon
views-count2216 դիտում article-date 20:32 27-09-2020

Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինված ուժերի՝ դիտավորությամբ կատարած հանցագործությունների մասին․ Դատախազություն

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ գործողությունների արդյունքում պատճառվել են մարդկային կորուստներ և վիրավորներ ինչպես ԱՀ քաղաքացիական անձանց, երեխաների, այնպես էլ զինվորական ծառայողների շրջանում, նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին: ՀՀ դատախազությունը ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցություն և գործակցություն է ծավալել Արցախի Հանրապետության իրավասու մարմինների, մասնավորապես ԱՀ դատախազության հետ՝ ծավալելով քրեադատավարական գործընթացներ հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գնահատականների արժանացնելու նպատակով: Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ: ՀՀ և ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար, տեղեկատվության օպերատիվ փոխանակմամբ, իրավիճակի զարգացմանը զուգահեռ պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները: Քրեաիրավական ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ դատախազության, նախաքննական մարմինների կողմից պարբերաբար կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր