211652_close_icon
views-count1735 դիտում article-date 19:20 24-09-2020

Վարչապետին ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել են նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները,ել է, որ հաշվետու ժամանակահատվածում սննդի անվտանգության ոլորտում գործարկվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ռեեստրների վարման նոր համակարգ, իրականացվել են վերահսկողության միջոցառումներ: Անասնաբուժության ոլորտում 2020թ. հուլիսի 1-ից գործում է կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը: Բոլոր մարզերում իրականացվել է բրուցելոզ հիվանդության վերաբերյալ հետազոտություն, որին մասնակցել են ֆերմերներ, կաթնամթերք ու մսամթերք արտադրող տնտեսվարողներ, սպանդանոցների աշխատակիցներ: Մեկնարկել է բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մնացորդների մոնիթորինգային ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ ստորագրվել է «Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» փաստաթուղթը, որը նախատեսում է 3 ոլորտային ռիսկերի գնահատման համակարգերի ներդնում: Նախնական գործարկվել է սահմանային հսկողության «Մեկ պատուհան» համակարգը, զարգացել է միջազգային համագործակցությունը: Զեկուցվել է նաև ՏՄ կառուցվածքային բարեփոխումների և վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: Ի պատասխան սննդամթերքի անվտանգության չափանիշների վերաբերյալ վարչապետի հարցադրման՝ նշվել է, որ այս բնագավառում ՍԱՏՄ-ն առաջնորդվում է միջազգային կանոնակարգերով: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հացի և հացամթերքի տեղափոխման կանոնների պահպանման հետ կապված իրավիճակով, ինչպես նաև հանրապետության տարածքում սպանդանոցների կառուցման և սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքներով: Նշվել է, որ արդեն կա գործող 67 սպանդանոց, որից 36-ը՝ ծառայություններ մատուցող, կառուցման փուլում է ևս 78-ը: Երևանում սպանդանոցային ծագման մսամթերքի վաճառքի ծավալը հասնում է 90 տոկոսի, մարզերում ևս այս ցանցն ընդլայնվում է: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև առկա լաբորատոր կարողությունների հզորացման հնարավորություններին: Վարչապետը կարևորել է պարբերական վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և հանձնարարել լինել հետևողական: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սննդի անվտանգության ոլորտում բարձր չափանիշների սահմանման, լաբորատոր կարողությունների հզորացման կարևորությունը և հանձնարարել ներկայացնել լուծումների առաջարկներ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն իր զեկույցում նախ ներկայացրել է նախ ՏՄ-ում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, ապա խոսել նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, «Պահպանիր բնությունը» նախաձեռնության շրջանակում մշակվել է բնապահպանական քարտեզ, որով կահավորված ցուցանակները կտեղադրվեն բնության տարածքներում: Հավանության է արժանացել ՏՄ տեսուչների նոր համազգեստը, ՏՄ կարողությունների հզորացմանը միտված մեկ այլ՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում նախատեսվում է տեխնոլոգիական գործիքակազմով վերազինում և էլեկտրոնային հսկողության հնարավորություն: Մշակվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու մասին որոշման նախագիծ։ Ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով տնտեսվարողների մոտ տեղադրվել են ջրաչափեր: Ստուգումներ են իրականացվել նաև հիդրոէլեկտրակայաններում, որոնց արդյունքում ևս տեղադրվել են ջրաչափեր։ 2019-2020թթ. արձանագրվել են 3000-ից ավելի իրավախախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել են վարչական տույժ-տուգանքներ: 2020թ. առաջին 8 ամսվա դրությամբ ստուգում է իրականացվել 38 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որից 18-ն ավարտվել է, 20-ն ընթացքի մեջ է: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան զեկուցվել է Սևանի ավազանում ձկնորսության նոր կարգի կիրառման մոնիթորինգի, որսագողության, ապօրինի անտառահատումների և հիդրոէլեկտրակայանների գործունեության նկատմամբ տարվող վերահսկողական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվել են այս աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին՝ հանձնարարելով մշակել վերահսկողության գործուն մեխանիզմներ: Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է տեսչական մարմինների գործունեության վերլուծության և արդյունավետության գնահատման մեխանիզմների գործարկումը: «Պետք է հստակ չափանիշներ սահմանել՝ ոչ միայն տեսչական ստուգումներ իրականացնելու, այլև դրանց արդյունքներով ոլորտներում առկա իրավիճակը հասկանալու համար: Պետք է վերլուծել հաշվետվությունները, ձևակերպել խնդիրները, լուծումներ մշակել և իրագործել», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է իրականացվի ոլորտային ռազմավարություններին համահունչ:

Նմանատիպ նյութեր