211652_close_icon
views-count2322 դիտում article-date 14:20 04-09-2020

Ռեակտորի թրծման կայանքը հասցվել է Հայկական ԱԷԿ

Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման (ջերմամշակման) կայանքը հասցվել է ատոմակայան: ՀԱԷԿ-ը նախապատրաստվում է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքներին, որոնք կանցկացվեն 2021 թվականին` կիրականացվի ռեակտորի թրծումը, ինչը թույլ կտա 80-ից 85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին, ասված է «Ռոսատոմ»-ի հաղորդագրությունում: Տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։ «Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգությունը բարձրացնելու համար։ Թրծման շնորհիվ կվերականգնվեն ռեակտորի իրանի մետաղի հատկությունները, ինչը թույլ կտա շարունակել դրա անվտանգ շահագործումը», - նշել է կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։ «Ռեակտորի թրծումը՝ շահագործման ընթացքում մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցությունից փոփոխվող ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների վերականգնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ռեակտորի իրանը էներգաբլոկի «սիրտն» է, և հենց դրա ռեսուրսով է պայմանավորված կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը», - փոխանցում է «Ռոսատոմ»-ը՝ մանրամասնելով. - «Իրանի թրծումն իրականացվում է ջերմարտազատող հավաքվածքի լրիվ բեռնահանումից՝ պահման ավազանում։ Դա անհրաժեշտ է իրանը հետազոտելու և ռեակտորի ներսում թրծման կայանքը մոնտաժելու համար։ Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 475 աստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղի կառուցվածքը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը»։ Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմ»-ի մի քանի կազմակերպություններ։ Տեխնոլոգիան մշակել ու համապատասխան հաշվարկներ են իրականացնում «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային հետազոտական կենտրոնը, «Գիդրոպրեսս» հատուկ կոնստրուկտորական բյուրոն (ОКБ «ГИДРОПРЕСС») և «Պրոմոթեյ» կոնստրուկցիոն մետաղների ԿԳՀԻ-ն (ЦНИИКМ «Прометей»), իսկ աշխատանքները կայանում կիրականացնեն «Ատոմէներգոռեմոնտ» («Атомэнергоремонт») և մեքենաշինության տեխնոլոգիաների ԿԳՀԻ-ն («ЦНИИТМАШ»)։ Ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 1987 թվականին, Նովովորոնեժյան ԱԷԿ-ում։ Այսօր այս գործողությունն իրականացվում է բոլոր կայաններում, որոնցում կատարվում է ժամկետների երկարաձգում։ Վերականգնողական թրծումներ են իրականացվել ВВЭР-440 տիպի մի շարք ռեակտորների վրա՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում և Ֆինլանդիայում, նաև ասված է հաղորդագրությունում: «Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը», - նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր