211652_close_icon
views-count1272 դիտում article-date 12:12 01-09-2020

183 քրեական գործ՝ համայնքային և պետական սեփականության գույքերի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով. տարեկան ամփոփում

ՀՀ գլխավոր դատախազությունում համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Ըստ այդմ, եթե 2019թ. ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացում արձանագրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է 75 քրեական գործ, ապա միայն 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 108 քրեական գործ, կամ՝ ողջ 2019թ. համեմատ 33.3%-ով ավելի: Նշված ժամանակահատվածում հարուցված ընդհանուր 183 քրեական գործերից 105-ը վերաբերել է անշարժ գույքի օտարման գործընթացում արձանագրված չարաշահումներին, իսկ 78-ը՝ վարձակալության կամ ենթավարձակալության։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես սխեմատիկ հանցավոր դրսևորումներ՝ առավել տարածված է եղել օտարման ենթակա գույքերը ձևական աճուրդներով կամ մրցույթներով իրացնելը։ Մասնավորապես, մրցույթները կամ աճուրդները կրել են ձևական բնույթ, մրցույթի կամ աճուրդի երկրորդ մասնակիցը ձևական է մասնակցել մրցույթին՝ ապահովելու նախապես որոշված մասնակցի հաղթանակը։ Քննությամբ հիմնավորվել են դեպքեր, երբ հրապարակային սակարկություններին որպես երկրորդ մասնակից հայտ ներկայացրած անձը իրականում չի էլ մասնակցել մրցույթին կամ աճուրդին, կամ նույնիսկ տեղեկություններ չի էլ ունեցել հրապարակային սակարկություններին իր մասնակցության վերաբերյալ: Շահագրգիռ անձ հանդիսացող մյուս մասնակցի կողմից իրենց հաղթանակն ապահովելու համար ներկայացվել են ծանոթ կամ հարազատ անձանց վերաբերյալ փաստաթղթեր՝ նրանց գրանցելով որպես երկրորդ հայտատու։ Բացի այդ, եղել են դեպքեր, երբ հողատեսքերն աճուրդով ձեռք բերած քաղաքացիները մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել այդ տարածաշրջանում ղեկավար դիրք զբաղեցրած պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև աճուրդի կազմակերպչի հետ (համայնքի ղեկավար, մարզպետ և այլն): Եվ տվյալ հողատեսքերը թեև գնվել են այդ քաղաքացիների տվյալներով, սակայն դրանց իրական սեփականատերը հանդիսացել են պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք: Հանցավոր սխմայում տեղ են գտել նաև այնպիսի ապօրինություններ, երբ համայնքապետի (քաղաքապետի) անձնական շահագրգռվածությամբ համայնքին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողատեսքերը ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավար աշխատակցի անմիջական մասնակցությամբ, առանց իրավական որևէ հիմքի, փոխվել է գյուղատնտեսականի, ինչի արդյունքում դրանք աճուրդի միջոցով օտարվել են անհամեմատ ցածր գնով (օրինակ՝ մի դեպքում 453.949.600 ՀՀ դրամի փոխարեն հողամասն օտարվել է 712.400 ՀՀ դրամով): Նշված հանցավոր սխեմաներից զատ եղել են նաև դեպքեր, երբ պետական սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով օտարվել է որպես համայնքային սեփականություն, կամ՝ համայնքային սեփականություն հանդիսացող վերանորոգված կենցաղի տան շենքը, օրինակ, ներկայացվել է որպես կիսաքանդ շինություն և աճուրդով օտարվել համայնքի ղեկավարի աներոջը, աճուրդով օտարվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում գտնվող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, չունենալով շենքի վթարայնության աստիճանի և ապամոնտաժման ենթակա լինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կամ որևէ այլ փաստաթուղթ՝ օրինակ, անշարժ գույքի գնահատման մեջ ոչ միայն չի ներառվել 341.656.650 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վարչական շենքը, այլ այն՝ անհիմն դիտարկելով որպես ապամոնտաժման ենթակա կառույց, հողամասի արժեքից նվազեցվել է ապամոնտաժման ծախսերի համար հաշվարկված 80.000.000 ՀՀ դրամ արժեքը և կազմվել է ՀՀ-ում գործող ստանդարտների պահանջների էական խախտումներով շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն՝ գնահատելով գույքն իրականից անհամեմատ ցածր՝ 259.304.000 ՀՀ դրամ, պաշտոնատար անձի որոշմամբ, առանց որևէ հիմնավորման, օրինակ, շուրջ 3000 քմ չափով պակասեցվել է Երևանի դպրոցներից մեկին նախկինում հատկացված տարածքը և աճուրդով օտարվել քաղաքացու, որն էլ կարճ ժամանակ անց, հողամասը բաժանելով երկու մասի, վաճառել է նույն դպրոցի տնօրենի որդուն և պաշտոնատար անձի բարեկամին: Նշված 1.5 տարվա ընթացքում (հիմնականում 2020թ. առաջին կիսամյակում) ՀՀ իրավասու մարմինների վարույթներում գտնվող գործերի քննության ընթացքում ՀՀ դատախազության անմիջական ներգործությամբ լուծվել է օրենսդրության պահանջների խախտումներով կազմված՝ համայնքային կամ պետական սեփականության գույքերի վարձակալության և ենթավարձակալության 33 պայմանագիր, դրանցից շատերի դեպքում ձևավորվել են պետության և համայնքների շահերից բխող նոր իրավապայմանագրային հարաբերություններ։ Առաջիկայում կներկայացվեն նաև նշված բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով իրականացվող քրեական հետապնդման, ինչպես նաև պետությանը և համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

Նմանատիպ նյութեր