211652_close_icon
views-count1185 դիտում article-date 18:22 10-06-2020

10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ: Ընդ որում՝ դրանցից 7-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ մարզերի դատախազներին տրված՝ ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի յուրաքանչյուր մարզի կտրվածքով այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման դեպքերի բացահայտման նպատակով կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ քրեական գործերը վերաբերում են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս համայնքների, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերի, Շողական խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի և Վերին Գետաշեն համայնքի նախկին կամ ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից 2 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը մի քանի տասնյակ անգամ բարձր վարձավճարներով հանձնվել են հանրապետությունում գործող կապի օպերատոր ընկերություններին՝ կապի կայանքներ տեղադրելու և շահագործելու նպատակով: Արդյունքում համայքապատկան հողամասերի օգտագործումից առանձին անձինք ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Վերոնշյալ գործերով մարզի թվարկված համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56.074.199 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 18.115.075 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 4 քրեական գործով 4 անձի (համայնքի նախկին և/կամ ներկա ղեկավարներ) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն նկատի ունենալով, որ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում նրանց կողմից կամովին ամբողջությամբ կամ մասնակորեն հատուցվել են համայնքներին պատճառված վնասները, կամ պատրաստակամություն է հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել պատճառված վնասի մնացած մասը, տրվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Մարզի դատախազության, նախաքննության մարմնի, մարզպետարանի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև համայքների օրինական շահերի վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերը լուծելու և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան համայնքների ու կապի օպերատորների միջև նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Մասնավրապես 7 համայնքում արդեն իսկ իրականացվել է նման գործընթաց:

Նմանատիպ նյութեր