1035 դիտում
10:25 01-09-2020
Գիտելիքը կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային արժեքների և բարոյականության վրա․ Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․
«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,
Այսօր Գիտելիքի և դպրության օրն է, որի առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին։
Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները։
Դուք՝ այսօրվա սերունդը, հնարավորություն ունեք դա անել ոչ միայն դասական ուղիներով, այլև նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով, ստեղծելով ու դրանց տիրապետելով։
Բայց մինչ այդ պետք է անել առաջին քայլը՝ քայլ դեպի դպրոց։
Այդտեղից է սկսվում այն արահետը, որը դառնալու է ձեր կյանքի ճանապարհը՝ ճանապարհ դեպի պարզ մարդկային հարաբերություններ, ճանապարհ դեպի աշխատանք, ճանապարհ դեպի սեր ու երջանկություն, և իհարկե՝ ճանապարհ դեպի գիտելիք։
Գիտելիք՝ կյանքի, մարդու, աշխարհի և բնության մասին... Այն հեռու թվացող, բայց իրականում շատ մոտ ու հասանելի մի բանալի է։
Բանալի, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները՝ տան սովորական դռնից մինչև տիեզերանավի խցիկի դուռը, մեր մտքի ամենախոր գաղտնարանի դռնից մինչև արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել, ջանալ, աշխատել։
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մանկապարտեզի ձեր դաստիարակների, դպրոցի ձեր ուսուցիչների, բուհի ձեր դասախոսների, և իհարկե, ձեր ծնողների օգնությամբ եք դուք հասնում գիտելիքին։
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին և հատկապես մեր առաջին ուսուցիչներին, որոնք խոր հետք են թողել մեր կյանքում։
Գիտելիքը ուժ է, որի միջոցով կարելի է ուղղակի և անուղղակի իմաստով սարեր շրջել։
Այդ ուժն առաջին հերթին սնվում է Ընտանիքից, Հայրենիքից, հայրենի հողից։
Հայրենիքն է, որ պետք է դառնա գիտելիքի օգտագործման գլխավոր նպատակակետը։ Դուք կարող եք ստանալ լավագույն կրթությունն ու գիտելիքը, տիրապետել լեզուների և նորագույն տեխնոլոգիաների, ձեր բանականությամբ ստեղծել արհեստական բանականություն և այն ուղղել մեծ արժեքներ ստեղծելուն։
Բայց միշտ հիշեք, որ առաջնային են ընտանեկան ու ազգային արժեքները և ազգային նպատակները։
Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը։
Մաղթում եմ ձեզ առողջություն և խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»։
Նմանատիպ նյութեր
2462 դիտում
10:07 25-05-2021
Որ քաղաքական ուժի վրա է հենվում Արմեն Սարգսյանը. «Իրավունք»
1691 դիտում
21:32 28-01-2015
Բանակի հզորության վրա են հենվում պետական քաղաքականություն իրականացնող այրերը. Սյունիքի մարզպետ
1226 դիտում
15:36 21-09-2019
Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության սկզբունքների վրա. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
1219 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4690 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած