211652_close_icon
views-count1874 դիտում article-date 09:38 20-08-2020

Էդգար Շաթիրյանին կառաջադրեն ՍԴ դատավորի թեկնածու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում դրական տրամադրվածություն է առկա Էդգար Շաթիրյանի հանդեպ, որին առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, և օգոստոսի 22-ին նրա և ՔՊ-ականների հետ հանդիպումը նպատակ ունի վերջնականապես կարգավորել այդ հարցը, որոշում կայացնել և հայտարարել այդ մասին: Ընդ որում, նկատենք, որ ՔՊ-ականների հետ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել վաղը՝ օգոստոսի 21-ին, սակայն օրվա փոփոխություն է եղել, որպեսզի հարմար լինի հանդիպման բոլոր կողմերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու մասին պաշտոնապես տեղեկություն առկա չէ և անգամ նրա հետ խոսակցությունները խիստ նախնական են եղել, և վերջնական որոշումը կկայացվի արդեն կուսակցության վարչության հետ հանդիպումից հետո, որին ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հենց կառավարության կողմից պետք է առաջադրվի Շաթիրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ պայքարից դուրս գալուց հետո կառավարության անդամները երկար ժամանակ փնտրտուքի մեջ են եղել՝ չիմանալով, թե ում առաջադրեն այդ պաշտոնում, մանավանդ որ նախկին թեկնածուն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի սրտով չէր: Եվ ի վերջո թեկնածությունը կանգ է առել Շաթիրյանի վրա, որը, նկատենք, կարճ ժամանակ եղավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, և հենց իշխող խմբակցության թեկնածուն էր այդ պաշտոնում՝ ստանալով 96 կողմ և 6 դեմ ձայներ: Ընդ որում, հինգ թեկնածուներից 2019 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությանը հենց նրան էին տվել ամենաշատ թվով ձայները, և հենց դա է պատճառը, որ կառավարության ընտրությունը կանգ է առնում Շաթիրյանի վրա՝ հաշվի առնելով նախկին քվեարկությունը: Այստեղ ընդգծենք, որ միայն օգոստոսի 18-ից հետո Էդգար Շաթիրյանը կարող էր դառնալ ՍԴ անդամ, քանի ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չորրորդ հոդվածում ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»: Այստեղ նկատենք, որ օգոստոսի 18-ին Էդգար Շաթիրյանի ծննդյան օրն էր, և նա դարձավ 40 տարեկան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր