Կրթության ոլորտի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ-ի առջև չափորոշիչները փոփոխելու պահանջ են դրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել:
Ըստ մեր տեղեկությունների` կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձևաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն լուրջ խնդիրների առջև կկանգնեն:
Նկատենք, որ հատկապես դժգոհություն են առաջացրել 8-րդ դասարանի Կենսաբանություն առարկայի դասագրքում տեղ գտած մի քանի դրվագներ, որոնք վերաբերում են սեռական կրթությանը, կան հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարակներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման և նմանատիպ այլ թեմաների մասին տեղեկություններ:
Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: «Գրեթե բոլոր առարկանե- րում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, և մենք ուսումնասիրում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտություն, և փոփոխելու հարցը առաջ է քաշված: Հիմա հաջորդ քննարկումը լինելու է «Պատմություն» առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը», - մանրամասնեց պատգամավորը»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: