211652_close_icon
views-count5275 դիտում article-date 12:50 12-08-2020

Օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է.սահմանափակումները մեղմացվում են

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է 5-րդ անգամ, սակայն մի շարք մեղմացումներով: Կառավարության արտահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշման փոփոխությունները: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: «Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է»,- «[url=https://armenpress.am/arm/news/1024750.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց Ռուստամ Բադասյանը: Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները: Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով: Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն:

Նմանատիպ նյութեր