6013 դիտում
12:48 10-08-2020
ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր:
Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ» տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում:
Բացի այդ, ստացված տվյալների համաձայն, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալները վկայում են, որ ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և վաճառել ապօրինի արդյունահանված ձուկը: Այն տարբեր խմբաքանակներով պահեստավորվել է իրենց պատկանող կամ վարձակալությամբ տրամադրված սառնարանային տնտեսություններում, պարբերաբար իրացվել է կա՛մ ՀՀ տարածքում, կա՛մ այլ ձկնատեսակի անվան տակ մաքսանենգ ճանապարհով արտահանվել երկրից:
Ապօրինի արդյունահանված ձկների իրացման ուղիները պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԱԾ-ի կողմից կանխվել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով «Սևանի սիգ» տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու և կանխելու ուղղությամբ` հերթական անգամ ընդգծելով բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը:
Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնության առանձին ռեսուրսների նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունները կանխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ և հորդորում է զերծ մնալ բնակչության բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու, բնական ռեսուրսների հաշվին անօրինական ճանապարհով եկամուտներ ստանալու գործելաոճից՝ կարևորագույն այս հարցում ակնկալելով հանրության լայն շերտերի համախմբումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
19:21 23-12-2022
ՊԵԿ-ը նոր հանցավոր սխեմա է բացահայտել. Մանդարինի անվան տակ ներմուծվել է հագուստ
11923 դիտում
16:54 02-05-2022
Բացահայտվել և կանխվել է պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
340 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան
562 դիտում
15:49 15-11-2024
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը. ՊԵԿ