Վրաերթ Երևանում. 32–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 28–ամյա հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Վաղինակ Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ,  28-ամյա Դավիթ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն, այնուհետև քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների  օգնությամբ վիրավորին տեղափոխել են Հերացու  անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
 Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Գարիկ Հակոբյանը  տեղեկությունը փոխանցել է  Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
                                            
                    
                                            
                        
            

