211652_close_icon
views-count4373 դիտում article-date 16:39 21-07-2020

Կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սեւանի, այնպես էլ փոքր Սեւանի հատվածներում. նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը․ «Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սեւանի, այնպես էլ փոքր Սեւանի հատվածներում։ Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը: 2019-ին մեկնարկած, Սեւանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։ Դրան զուգահեռ, սկսվել են Սեւանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ Հավելենք նաեւ, որ մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ ընտրվել են 3-ը. Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում, Ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիան Սեւանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։ Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր