211652_close_icon
views-count1178 դիտում article-date 19:02 25-06-2020

Լոռու մարզի ղեկավարը Սարչապետ խոշորացված համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

Հունիսի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սարչապետ խոշորացված համայնքում՝ հետևելու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով. այստեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Սարչապետ համայնքն այս տարի 3 ծրագիր է ներկայացրել: Աշխատանքները թեժ ընթացքի մեջ են: Առաջին կանգառը Պետրովկա բնակավայրում էր: Այստեղ վերանորոգվում է հանդիսությունների սրահը: Ծրագրի մրցութային արժեքը 17.65 մլն դրամ է (կապալառու կազմակերպություն` «Մագ-էլեկտրոն» ՍՊԸ): Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շուրջ 110 քառ. մետր շենքի և 25 քառ. մետր օժանդակ շինության վերանորոգում: Ծրագրի շահառու են բնակավայրի 64 տնային տնտեսություն` շուրջ 282 մարդ: Այցելության պահին կատարված էր աշխատանքների շուրջ 30 տոկոսը: Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակից և ինտենսիվությունից՝ նշելով, որ փոքր բնակավայրի համար հանդիսությունների սրահի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ համայնքային տարաբնույթ արարողությունների կազմակերպման համար տեղի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի սրահներ վարձակալել քաղաքային համայնքներում: Նորաշեն բնակավայրում էլ վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը (մրցութային արժեքը՝ 23.13 մլն դրամ, կապալառու կազմակերպություն՝ «Տրանսշին» ՍՊԸ): Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մշակույթի տան շուրջ 215 քառ. մետր մակերեսով դահլիճի վերանորոգում: Վերջինս կնպաստի պարի և մշակութային այլ խմբակների ստեղծմանը, ինչպես նաև հնարավորություն կտա հավուր պատշաճի անցկացնել միջոցառումները: Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 1550 մարդ: Աշխատանքներն այստեղ թեև շուրջ 1 ամիս առաջ են մեկնարկել, բայց ծրագրի մոտ 40 տոկոսը կատարված է արդեն: Անդրեյ Ղուկասյանը, հետևելով աշխատանքների ընթացքին և որակին, հույս հայտնեց, որ դրանց ավարտին՝ բնակավայրի մշակութային կյանքը կակտիվանա, կբացվեն նոր ստեղծագործական խմբակներ: Համայնքի համար կարևորություն ներկայացնող ծրագրերից է նաև Սարչապետ և Նորաշեն բնակավայրերի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վերանորոգումը և շրջակա պուրակների բարեկարգումը: Ծրագրի մրցութային արժեքը 10.718 մլն դրամ է (1-ին չափաբաժին՝ 5մլն, 2-րդ չափաբաժին՝ 5.718 մլն դրամ, կապալառու կազմակերպություններն են համապատասխանաբար՝ «Մագ-էլեկտրոն» ՍՊԸ-ն և «Տրանսշին» ՍՊԸ-ն): Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Սարչապետ բնակավայրի շուրջ 161 քառ. մ և Նորաշեն բնակավայրի շուրջ 100 քառ. մ մակերեսներով հուշարձանների բարեկարգում: Ծրագրի շահառու է 2 բնակավայրի շուրջ 3700 բնակիչ: Սարչապետ համայնքում ծրագիրը գրեթե ավարտական փուլում է, իսկ Նորաշենում կատարված է շուրջ 20 տոկոսը: Կարևոր է նաև, որ աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, ինչը համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում, երբ շատերը չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի, նաև զբաղվածության խնդիր է լուծում: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ սուբվենիցոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով նմանատիպ այցերը պարբերական բնույթ են կրելու. -Շատ կարևոր է, որ ընթացքում ծագած խնդիրներին կարողանանք հենց սկզբում լուծում տալ, որպեսզի հետագայում դժվարությունների առաջ չկանգնենք: Աշխատանքները որակով են ընթանում. կարծում եմ, շինարարական կազմակերպությունները տարեցտարի հարմարվում եմ մեր կողմից առաջադրված պայմաններին և հասկանում, որ անորակ աշխատանքները պարզապես չեն ֆինանսավորվելու,-ասաց մարզի ղեկավարը: Անդրադառնալով այս տարի մարզում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին(ներկայացված է 98 ծրագիր)՝ մարզպետը ընդգծեց, որ առավել շատ և մեծածավալ ծրագրեր իրականացնելու հնարավորություն հիմնականում ունեցել են խոշորացված համայնքները, ինչը ևս խոսում է այն մասին, որ համայնքների խոշորացման ծրագիրը լուրջ զարգացում կարող է ապահովել փոքր բնակավայրերի համար: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր