Պետության անգլուխ գլուխը...«Մարդը բողոքում է, թե Սահմանադրությամբ լիազորություններ չունի, բայց արագացված ռեժիմով ստորագրում է սեփական լիազորությունները կրճատող օրենքի տակ». Անդրանիկ Թևանյան
Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելը մեծագույն վատություններից մեկն էր, որն արեց նախորդ իշխանությունը ՀՀ քաղաքացիների ու մեր պետության դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենսդրական այն փաթեթը ստորագրելուն, որով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարող է հրապարակվել ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ մտնել՝ առանց ՀՀ նախագահի ստորագրության:
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 23–ին նշել է իր ծննդյան օրն ու շտապել հունիսի 24–ի թվագրությամբ, այսինքն՝ դեռ լույսը չբացված, գիշերով, գաղտագողի, մթության քողի տակ ստորագրել սեփական լիազորությունները նվազեցնող օրենքը, ինչպես նաև` սահմանադրական կարգի տապալման ու իշխանության յուրացման «հռչակագիրը»»։
Ըստ Թևանյանի՝ ինչ օրենք էլ ընդունվի, Արմեն Սարգսյանը կստորագրի այն, միայն թե իր քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթը չպահանջեն և միայն թե իր բիզնես շահերը պաշտպանվեն։
«Այս մարդը դարձել է Հայաստանի դեմ իրականացվող քաղաքական դիվերսիայի բութ գործիքը։ Նաև՝ կոլեկտիվ հանցագործության օղակներից մեկը։
Սա եզակի երևույթ է քաղաքականության մեջ։ Մարդը բողոքում է, թե բա Սահմանադրությամբ լիազորություններ չունեմ, ինձանից ի՞նչ եք ուզում, բայց արագացված ռեժիմով ստորագրում է սեփական լիազորությունները կրճատող օրենքի տակ։
Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելը մեծագույն վատություններից մեկն էր, որն արեց նախորդ իշխանությունը ՀՀ քաղաքացիների ու մեր պետության դեմ»։