211652_close_icon
views-count69248 դիտում article-date 14:54 19-06-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ЗИЛ-ն ու քարով բարձված КамАЗ-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են ЗИЛ և КамАЗ մակնիշի բեռնատարները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ-ը, որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է։ Կողաշրջման արդյունքում քարը թափվել է, իսկ ճանապարհն ամբողջովին փակվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Հովհաննես Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, քաղաքացիների օգնությամբ երթևեկելի գոտուց հեռացրել թափված քարերը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարւհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արման Մակվեցյանն ու Իսահակ Դարբինյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ford ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել և այս պահին գտնվում է դեպքի վայրում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր