12419 դիտում
01:08 19-06-2020
Խիստ մտահոգիչ երևույթ է դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իր մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը. Արման Թաթոյան
1. Մեր երկրում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով: Բացարձակ անթույլատրելի է, երբ անօրինական նպատակի համար օգտագործվում են երեխաները:
Այս երևույթն ավելի է մեծացնում լարվածությունը, բերում է վտանգավոր հետևանքների և բազմապատկում է վիրավորանքը:
Պետք է դադարեցնել, ուղղակի բացառել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը:
2. Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը:
3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է մեծ ծավալի հասնող վիրավորանք ու սպառնալիքներ՝ ուղղված դատավորի ընտանիքին՝ նրա երեխաներին ու կնոջը, ինչպես նաև հենց անձամբ դատավորի հասցեին: Սա խիստ մտահոգիչ է, մեր երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում:
Մենք պետք է գիտակցենք, որ այս կերպ մենք վտանգում ենք դատական համակարգի հիմքերն առհասարակ, սա դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահությունն ավերող ճանապարհ է:
Այս ամենը պայմանավորված է այն հրամայականով, որ դատարաններն անկախ են, կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը:
Ցանակացած հարցի կամ խնդրի լուծման պետք է հասնել բացառապես իրավական եղանակով։
4. Հատուկ արձանագրում եմ, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Նրանք պարտավոր են լինել զսպված և թույլ չտալ վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք:
Ընդ որում, այս պահանջները գործում են միշտ. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Հասարակությունը միշտ է նրանց ընկալում պաշտոնյայի կարգավիճակով:
Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում:
5. Այս արատավոր երևույթը ևս մեկ օրինակ է առ այն, որ պետք է զգուշություն ցուցաբերել երեխաների նկարներ սոցիալական ցանցերում հրապարակելու հարցում կամ ձեռնպահ մնալ այդ գայթակղությունից ընդհանրապես:
Պետք է միշտ հիշել, որ դրանով երեխան հեշտությամբ կարող է դառնալ վտանգավոր երևույթների թիրախ: